«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հաղորդում է տվել հանցագործության մասին՝ Երեւանի Փակ շուկայում տեղի ունեցող ապօրինությունների  վերաբերյալ: Նա մասնավորապես պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանին եւ Փակ շուկայի կառուցապատողին (խոսքը գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասին է):

Փոստանջյանը հաղորդումն ուղղել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՊԻ Պաշտպան Կարեն Անդրեասյանին:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Գործի նկարագրություն

Շուրջ  մեկ տարի է, ինչ Երեւանի հուշարձաններից մեկը` Երեւանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող Փակ շուկան, որը բացվել է գրեթե 60 տարի առաջ, ենթարկվում է հիմնական փոփոխման, ոչնչացման եւ ոչ մի իրավասու մարմին այդպես էլ պատշաճ կարգով չի արձագանքում այս ապօրինությանը:

Երեւանի  Փակ շուկայում կրկին շինարարական աշխատանքներ են ընթանում: Այդ աշխատանքներն ընթանում են վերգետնյա հատվածում, որոնք, սակայն, ինչպես բազմիցս հայտարարվել է, ապօրինի են: Երեւանի քաղաքապետարանը  մեկ տարվա ընթացքում ապօրինի շինարարություն իրականացնողին երկու անգամ՝ 14.03.2012 եւ 08.01.2013թթ.-երին, ենթարկել է վարչական պատասխանատվության:

Սույն թվականի մայիսի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ եւ կոչով. մեջբերում եմ` «Անընդունելի է, որ արդեն մեկ տարի է, ինչ Երեւանի հուշարձաններից մեկը ենթարկվում է փոփոխման, եւ ոչ մի իրավասու մարմին այդպես էլ չի արձագանքում այս ապօրինությանը: Կոչ ենք անում պատկան մարմիններին ձեռնարկել համապատասխան միջոցներ այս ապօրինությունը վերացնելու եւ մշակութային արժեքը վերականգնելու ուղղությամբ:»

Սույն թվականի մայիսի 13-ին ՀՀ մշակույթի նախարարությունը գրությամբ դիմել էր քաղաքապետարանին` պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` հուշարձան-շենքում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու, դադարեցնելու եւ տարածքում հսկողություն սահմանելու համար:

Սույն թվականի մայիսի 22-ին ՀՀ ԱԺ-ում ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նշեց, որ Երեւանի Փակ շուկայի տարածքում շինարարական աշխատանքները այս պահի դրությամբ դադարեցված են:

Սակայն մինչ օրս ոչ միայն չի ապամոնտաժվել ապօրինի կառուցված ավելորդ հատվածը,  հուշարձան-շենքը ոչ միայն չի բերվել նախկին տեսքի, այլ նաեւ այսօր էլ շարունակվում է ապօրինի շինարարությունը:

Իրավապահ մարմինների կողմից իրենց պարտականությունների չկատարման պատճառով Փակ շուկան շարունակում են աղավաղել` շինաշխատանքների կեղծ ու ձեւական դադարեցումների, վարչական տույժերի միջեւ ընկած ժամանակահատվածում:

Հասարակության շրջանում տարածված զանգվածային անվստահությունը   ՀՀ իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ  ավելի է խորանում հատկապես, երբ տեղի ունեցող հանցագործությունները ուղղված են հասարակական կարգի եւ բարոյականության դեմ:

Երեւանի Փակ շուկան հանդիսանում է հայ ժողովրդի մշակութային ժառանգություն` ներկայիս համայն հայության մայրաքաղաք Երեւանի պատմության անբաժանելի մաս:  Փակ  շուկայի կառուցապատողին, ով   մեկ տարվա ընթացքում ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով, շինության կառուցումը  չդադարեցնելու եւ  անօրինական կառույցը չքանդելու ու պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանը  վնասելու  համար քրեական պատասխանատվության չենթարկելը հանգեցրել է անօրինականության շարունակությանը, որն, ըստ էության, միտված է  հուշարձանի ոչնչացմանը:

Երեւանի քաղաքապետը շուկայի կառուցապատողից` սեփականատիրոջից, չպահանջելով արդեն կառուցված հատվածի քանդումը եւ  քանդված կամարաշարի վերականգնումը՝ հանդես է եկել կառուցապատողի կողմից իրականացված ապօրինությունների հովանավորող, ինչն էլ իր հերթին հանգեցրել է քրեորեն հետապնդելի արարքի կատարմանը:

Փակ շուկայի կառուցապատողին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության կանչելու իրավական հիմնավորում

Փակ շուկայի կառուցապատողը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլ են  տվել.

- ՀՀ քրեական օրենսգրքի 11-րդ գլխով նախատեսված` հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների ցանկում ընդգրկված  264 հոդվածի   խախտում` պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը:

- ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված  պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ցանկում ընգրկված 315'1 հոդվածի խախտում` ինքնակամ շենքի կառուցումը չդադարեցնելը եւ անօրինական կառույցը չքանդելը եւ 315'2 հոդվածի խախտում` շենքի ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ համապատասխան ընթացք տալ հաղորդմանը եւ արդյունքների մասին օրենքով սահմանված կարգով հայտնել ինձ»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am