«Նախախորհրդարանը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է հունիսի 1-ին, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած սպանությանը:

Հայտարարությունում ասվում է.

«2013 թ. հունիսի 1-ի երեկոյան Գորիս քաղաքում տեղի ունեցած հայտնի միջադեպի զոհերից մեկը Հայրենիքի պաշտպանության գործին իր կյանքով նվիրված հերթական հայորդին է` զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը:

Դեռ չի լրացել քրեական բարքերի վրա հիմնված համակարգին զոհ գնացած զինվորական բժիշկ, բուժծառայության մայոր, երկու մանկահասակ երեխաների հայր Վահե Ավետյանի` առանձնակի դաժանությամբ կատարված սպանության դեպքի մեկ տարին: Այդ գործի հանգամանքները նախաքննության մարմնի եւ դատախազության գործակցությամբ կոծկվեցին, մեղավորների մի զգալի մասը չեն կանչվում քրեական պատասխանատվության, իսկ հանցագործության սխալ որակման եւ թերի քննության հետեւանքով գործնականորեն անհնար է դարձել պատասխանատվության կանչվածների նկատմամբ արդարացի պատժի կիրառումը:

Ամիսներ առաջ հանցավոր համակարգին զոհ գնաց Պռոշյանի գյուղապետ, Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիր-անդամ, չորս փոքրահասակ երեխաների հայր Հրաչ Մուրադյանը: Նրա սպանությունը մինչ օրս չի բացահայտվել, իսկ սպանության մեջ կասկածվող անձի մեղավորությունը որեւէ կերպ չի հաստատվում:

Արդեն ակնհայտ է, որ նույն ձեռագրով եւ գործելաոճով է ընթանում նաեւ ներկայումս կյանքի ու մահվան միջեւ գտնվող գնդապետ Արտակ Բուդաղյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու եւ նրա եղբորը` Ավետիք Բուդաղյանին, կյանքից զրկելու` ս.թ. հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքի քննությունը:

Որեւէ տարբերություն չկա նաեւ Վահե Ավետյանի սպանության ու այս դեպքի առանցքային անձանց վարքի դրսեւորումների, ինչպես նաեւ վարչախմբի կողմից նրանց ըստ ամենայնի հովանավորելու գործելակերպի միջեւ: Այս հանգամանքը, ինչպես նաեւ այդ անձանց դրսեւորած բացառիկ ցինիզմին զուգադրվող կեղծ ու պատեհապաշտ մեղայական հայտարարությունները, որոնք վարչախմբի քարոզչամեքենան նրանց անունից հրամցնում է հանրությանը, մեկ անգամ եւս ապացուցում են, որ համակարգը ոչ միայն չի ուզում, այլեւ չի կարող փոխել իր բնույթն ու էությունը: Այն ամբողջությամբ հիմնված է քրեական բարքերի ու տարրերի վրա, ուստի նրա պարագայում փոփոխությունը հավասարազոր է ինքնաոչնչացման:

Ասվածն էլ ավելի հիմնավոր է այն առումով, որ ոչ պատերազմ ոչ խաղաղություն իրավիճակում գտնվող երկրում բնականոն կերպով առաջնային սոցիալական դեր ունեցող հրամանատարական ու սպայական կազմն անգամ պաշտպանված չէ կամայականությունից ու բռնությունից: Պետական կառավարման համակարգի միջուկը` քրեաօլիգարխիկ վարչախումբը, ամբողջությամբ վերածվել է ներքին թշնամու եւ արդեն առանց խտրության անպատժելի կերպով սպանում է նույնիսկ Զինված ուժերի հրամանատարական կազմի ներկայացուցիչներին:

Նախախորհրդարանը ցավակցում է հանցավոր համակարգին զոհ գնացած Ավետիք Բուդաղյանի հարազատներին ու մերձավորներին եւ շուտափույթ ապաքինում է մաղթում գնդապետ Արտակ Բուդաղյանին:

Միեւնույն ժամանակ` Նախախորհրդարանը համոզմունք է հայտնում, որ մեր ժողովուրդը, այդ թվում` հայրենիքի ճակատագրով մտահոգ հրամանատարները, սպաները եւ ազատամարտիկներն այս դեպքերից հետո միանգամայն սթափ կերպով արդեն գիտակցում են, որ Հայաստանում հաստատվել է ապազգային ու հակամարդկային կառավարման համակարգ, ուստի այն անհրաժեշտ է օր առաջ խաղաղ, իրավական եւ ժողովրդավարական մեթոդների գործադրմամբ փոխարինել ազգային ու մարդասիրական համակարգով»: