Որեւէ պաշտոնյա չի կարող կայացնել որոշում իր լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ՍԴ խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետի տան բակում աղմկահարույց սպանության ու դրանից հետո մարզպետ Սուրեն խաչատրյանի հայտարարությանը՝ իր լիազորությունները ժամանակավորապես վայրդ դնելու մասին:

Որքանո՞վ է հիմնավորված Սյունիքի մարզպետի հայտարարությունը՝ նախաքննության ընթացքում իր լիազորությունները դադարեցնելու մասին: Օրենսդրական ո՞ր ակտով կարող է հիմնավորվել այդպիսի որոշումը:

Ինքս համարժեք ծանոթ չեմ մարզպետի հայտարարությանը, իսկ մամուլում առկա է տարընթերցումների տեղիք տվող տեղեկատվություն, ուստի Ձեզ կարող եմ պատասխանել միայն պայմանական` հիմք ընդունելով բացառապես Ձեր հարցադրումը: Նախ, որեւէ պաշտոնյա, այդ թվում վերադասի թույլտվությամբ, չի կարող կայացնել որոշում իր լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու մասին: Սահմանադրության 88.1. հոդվածի համաձայն մարզպետները նշանակվում եւ ազատվում են պաշտոնից կառավարության որոշմամբ, որը վավերացնում է Հանրապետության նախագահը: Տվյալ դեպքում կարող է պարզապես խոսք լինել լիազորությունները դադարեցնելու դիմումի, բայց ոչ` որոշում կայացնելու մասին:

Նախաքննության ընթացքում լիազորությունները դադարեցնելու լիազորությունը, բացառապես կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող հանրային ծառայության մեջ ընդգրկված անձանց մասով, կարող է դադարեցնել միայն դատախազը կամ դատախազի համաձայնությամբ քննիչը, եթե առկա են հիմքեր, որոնք հնարավորություն կտան ենթադրելու, որ պաշտոնում մնալը կխոչընդոտի գործի քննությանը, պատճառված վնասի հատուցմանը կամ պաշտոնյան կկատարի նոր հանցագործություն (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդված): 

Այնուամենայնիվ, այդպիսի որոշում կայացնելու դեպքում ի՞նչ իրավական հետեւանքներ են ակնկալվում:

Չեմ կարծում, թե պաշտոնապես հենց այդ ձեւակերպմամբ որոշում կկայացվի: Իհարկե, այդպիսի որոշումը չի կարող իրավաչափ համարվել եւ ունենալ դրանում արտացոլված իրավական հետեւանքները: 

Իրավաչա՞փ է, արդյոք, Սյունիքի մարզպետի տան բակում աղմկահարույց սպանության քրեական գործի քննությունը պաշտպանության նախարարության քննչական վարչությանը հանձնելը, միթե անհրաժեշտ չէր այդ գործի քննությունը հանձնել ՀՔԾ-ին:

Այդ հարցին պատասխանելու համար հարկ է ճշգրիտ իրազեկված լինել գործի հանգամանքներին: Իսկ հրապարակված պաշտոնական տեղեկատվությունը հիմք է տալիս հանգելու այն եզրակացությանը, որ քննչական ենթակայության հարցի լուծումը հիմնավորված է: ՀՔԾ-ի ենթակայությանը նշված քրեական գործի քննությանը կարող է հանձնվել միայն Հանրապետության գլխավոր դատախազի որոշմամբ, եթե քննությամբ պարզվի, որ այն առնչվում է նշված պաշտոնյայի`  հանցակցությամբ կամ նրա կատարած հանցագործությանը, կամ որոնցով այդ անձը ճանաչված է որպես տուժող:

Հարկ եմ համարում նկատել, որ այս հարցի առնչությամբ անհարկի շփոթ չէր առաջանա, եթե «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, միաժամանակ փոփոխություններ կատարվեին «Հատուկ քննաչական ծառայության մասին» ՀՀ օրենքում եւ «օրենսդիր, գործադիր եւ դատական իշանության մարմինների ղեկավար աշխատողներ» արտահայտությունը փոխարինվեր «բարձրաստիճան պաշտոնատար անձինք» արտահայտությամբ, ինչը կբխեր օրենսդրության ներքին տրամաբանությունից եւ իրավաչափորեն հետապնդվող նպատակներից:

Հարցազրույցը վարեց Մարիամ Լեւինան