Մասիսում 46-ամյա Կառլեն Դ.-ն տարբեր օրերի ծեծի է ենթարկել քրոջն ու քրոջ ամուսնուն: Մասիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 46-ամյա Կառլեն Դ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գետափնյա գյուղում, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, համատեղ բնակվելու հարցի շուրջ վիճաբանելու ընթացքում հարվածներ է հասցրել քրոջ` Գայանե Դ.-ի ձեռքերի շրջանին: Դրանից օրեր անց Գետափնյա գյուղում նույն հարցի շուրջ կրկին վիճաբանելու ընթացքում հարվածներ է հասցրել Գայանե Դ.-ի ոտքերի շրջանին:
Օրեր անց էլ, կրկին գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, նույն հարցի շուրջ վիճաբանել է նաեւ Գայանե Դ.-ի ամուսնու` Գարիկ Գ.-ի հետ, որի ընթացքում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` ծեծի ենթարկել նրան:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 (ծեծ): Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել մայիսի 30-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























