Վրաստանում տրվող էլեկտրոնային անձնագրերում չի լինելու 666 թիվը, քանի որ այն վախեցնում է հավատացյալներին եւ սնահավատներին: Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին:
Նույնականացնող անձնական համարներով անձնագրերը (սովորական եւ էլեկտրոնային) նախկինում կտրուկ քննադատության էին ենթարկվել Վրաստանի եւ այլ երկրների հավատացյալների շրջանում: Քննադատները զուգահեռներ էին անցկացնում Հովհաննես Աստվածաբանի Հայտնության գրքում հիշատակված «հակաքրիստոսի կնիքի» հետ:
Վրաստանի պատրիարքարանը կառավարությանն էր դիմել՝ խնդրելով վերանայել այլընտրանքային անձնագրերը (էլեկտրոնայինի փոխարեն): Մեկնաբանելով խնդրանքը՝ արդարադատության նախարարը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվեն այդ թեմայով ուսումնասիրությունները: Եթե պարզվի, որ քաղաքացիների մեծամասնության համար ներկայիս անձնագրերն ընդունելի են, ապա այլընտրանքային փաստաթղթեր չեն ներմուծի, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Միաժամանակ, եկեղեցին նշում է, որ էլեկտրոնային անձնագրերն ուղղափառ կրոնի կանոնները չեն խախտում: Սինոդի հայտարարության մեջ նշվում էր, որ «ներկայումս ներկայացված ID քարտերը հակաքրիստոսի կնիք չեն»:




























