Թուրքիայի բողոքի շարժումը տարածվելու դեպքում կարող է ազդեցություն ունենալ ամբողջ տարածաշրջանի եւ առաջին հերթին՝ Ադրբեջանի վրա: Այդ մասին այսօր՝ հունիսի 5-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանում այդ գործողություններն ավելի լուրջ հետեւանքներ կարող են ունենալ՝ նկատի ունենալով տարբեր կրոնական խմբավորումների միջեւ հնարավոր բախումները: «Չեմ կարծում, որ բողոքի ցույցերը որեւէ ազդեցություն ունենան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում: Միայն ադրբեջանական ղեկավար շրջանակների դիրքերի թուլացման դեպքում կարող են որոշ տեղաշարժեր լինել», - կարծում է Լեւոն Հովսեփյանը:

Նշենք, որ այսօր ցույցի են ելնելու Թուրքիայի խոշոր արհմիությունները: Երթին մասնակցելու են հարյուր հազարավոր մարդիկ: Նրանք պահանջելու են պատժել ցուցարարների նկատմամբ  ուժ գործադրողներին, ազատել ձերբակալված ակտիվիստներին: 20-30 տարեկան հազարավոր երիտասարդներ հավաքվել են  Թաքսիմ հրապարակում եւ «Գեզի» այգում:

«Գեզի» այգում առեւտրի եւ զվարճանքի կենտրոն կառուցելու թուրքական կառավարության մտադրությունն է զայրացրել թուրքերին եւ Ստամբուլում զանգվածային ցույցեր հրահրել: Այժմ այգում վրանային ճամբար եւ  մի քանի բուժկետեր են տեղակայվել: