Թուրքիայի բողոքի ակցիայում ներգրավված են տարբեր խմբեր` սկսած ազգայնականներից մինչեւ ձախ ուժերը, մտավորականության ներկայացուցիչներից մինչեւ հասարակ քաղաքացիները, այդուհանդերձ դեռեւս դժվար է այս շարժումն ընդդիմադիր որակել: Այս մասին, այօսր՝ հունիսի 5-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:
Ըստ նրա` բողոքի ակցիաները դեռեւս դժվար է որակել որպես քեմալական եւ իսլամիստական ուժերի բախում: «Բողոքների արդյունքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության առջեւ լուրջ խնդիրներ են ծառացել», - նշել է Լեւոն Հովսեփյանը` ավելացնելով, որ 2014թ եւ դրանից հետո Թուրքիայում ընտրական գործընթացներ են սպասվում, եւ հարցականի տակ է դրվում գործող իշխանության հաջողությունը:
Թորքագետն ընդգծեց, որ վերջին դեպքերը մեծ հարված են Թուրքիայի հավակնություններին. Թուրքիան փորձում էր իրեն ներկայացնել իբրեւ մի պետություն, որը նպաստում է կայունության ապահովմանը:
«Ինչ վերաբերում է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, ապա պետք է նշել, որ ԱՄՆ-ն, Եվրոպական Միությունը եւ մի շարք այլ երկրներ Թուրքիային հարցեր կառաջադրեն, եւ Անկարան ստիպված կլինի հաշվի նստել այդ ամենի հետ», - ասել է Լ. Հովսեփյանը:
Նա նաեւ ավելացրեց, որ նոր բախումները չեն բացառվում, եւ միանգամայն հավանական է, որ մասշտաբային քաղաքացիական կոնֆլիկտ առաջանա: «Չեմ կարծում, որ շարժումը կմարի, քանի որ այն ինստիտուցիոնալ հիմք է ստանում»,- եզրակացրել է փորձագետը:
Հիշեցնենք, որ Գեզի այգու տարածքում առեւտրի կենտրոն կառուցելու` Թուրքիայի կառավարության որոշումը գրգռել է Ստամբուլի բնակչության զայրույթն ու բողոքի մասսայական ցույցերի պատճառ դարձել: Այս պահին այգում վրան են կանգնեցրել: Կան նաեւ բուժկետներ: Մասսայական ցույցեր ու բախումներ են առաջացել նաեւ այլ քաղաքներում:



























