Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադարմի (ԱՄՀ)  մշտական ներկայացուցիչ  Գիլերմո Տոլոսան, ավարտելով մեր երկրում իր առաքելությունը, ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ: Մասնավորապես, նա ակնարկեց, որ Հայաստանում ԱՄՀ հերթական ծրագիրը կարող է լինել վերջինը:  Այն իմաստով, որ ժամանակն է անցել «շուկայական պայմաններով» ֆինանսավորմանը, այսինքն, առանց արտոնությունների, ինչպիսին բնութագրվում են միջազգային ֆինանսական կառույցներ` ԱՄՀ-ի, ՀԲ-ի վարկերը:

Անկեղծ ասած, չգիտես` ուրախանել, թե տխրել... Ժամանակին ԱՄՀ-ն ամեն կերպ խրախուսում էր մեր ազգային արժույթի ամրապնդմանը, որ շարունակվեց մինչեւ 2009թ. մարտը: Թե դա ինչի հանգեցրեց, հայտնի է բոլորին` ներմուծման խթանում, արտահանման համար պայմանների վատացում, ինչի արդյունքում ողջ ոլորտներ, այդ թվում` ադամանդի ոլորտը, կորցրեցին արտասահմանյան ընկերություններից պատվերները:

Նշենք, որ Հայաստանի արտաքին պետական պարտքի ծավալում (մոտ 3,6 մլրդ դոլար) ավելի քան 70%-ը բաժին է ընկնում բազմակողմ վարկային ծրագրերին: Արտաքին պարտքի մեծ մասը Համաշխարհային բանկինն է`  ավելի քան 40%, այունհետեւ հաջորդում է ԱՄՀ-ն` 19,5%:

Հայաստանում, ինչպես նաւ մյուս «զարգացող» երկրներում ՀԲ գործունեությունն աչքի ընկավ աղքատության դեմ պայքարում «հաջողություններով»: Ճիշտ է, այդ ձեռքբերումներն ավելի շատ թղթի վրա էին, քան իրականության մեջ: Եւ եթե անգամ աղքատների վիճակը բարելավվել է, ապա ոչ թե վարկային ծրագրերի, այլ գաստարբայտերներից ստացված տրանսֆերտների շնորհիվ:

Ուշագրավ է, որ այն երկրները, օրինակ Չինաստանը, ովքեր չեն հետեւում միջազգային ֆինանսական կառույցների «խորհրդատվություններին»,  տնտեսական առումով բարգավաճում են:

Ալբերտ Խաչատրյան