ԱԺ ‹‹Ժառանգություն›› խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը պատգամավորական հարցում է հղել երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ անդրադառնում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի «ժամանակավոր լիազորությունները վայր դնելու» հայտարարության իրավական հիմքերին:

Ստորեւ ներկայացնում ենք պատգամավորական հարցումը.

«Հունիսի 1-ին  Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներից տեղում մահացած  Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանի եւ նրա եղբորը՝ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանին ծանր հրազենային վնասվածքներ պատճառելու հետեւանքով 03.06.2013 թվականին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը http://syunik.gov.am կայքում հանդես է եկել հետեւյալ հատարարությամբ` «Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլեւս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»: Մանրամասները՝ տե´ս՝ /http://syunik.gov.am/news/item/2013/06/03/marzpet_haytar//:

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով՝ խնդրում եմ հնարավորինս շտապ տրամադրել պատասխան հետեւյալ հարցերի վերաբերյալ.

1. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շարունակում է կատարել մարզպետի լիազորությունները, թե՝ ոչ:

2. Վերադաս մարմնից ստացած թույլտվության մասին Դուք տեղեկացված եք, թե ոչ, եթե այո, ապա որ վերադաս մարմնի մասին է հայտարարում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ որոնք են այդ թույլտվության իրավական հիմքերը:

3. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գտնվում է արձակուրդի մեջ, թե՝ ոչ:

4. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը աշխատանքից բացակայելու հիմքերի մասին, որեւէ փաստաթուղթ ներկայացրել է, թե՝ ոչ, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել փաստաթղթի պատճենը:

5. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազատման մասին կառավարության որոշում առկա է, թե՝ ոչ, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել որոշման պատճենը:

6. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազատման մասին կառավարության որոշում եթե առկա է, ապա այն, համաձայն ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի, ուղարկվել է վավերացման, թե՝ ոչ»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am