Թմրաբիզնեսը դարձել է գլոբալ մարտահրավեր համայն մարդկությանը, իսկ առանձին պետությունների համար՝ համազգային աղետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ իրավապահ մարմինների պայքարի միջազգային 30-րդ կոնֆերանսում: 

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանին «մտահոգում է օրենսդրական մեղմացումներն առանձին երկրներում, որոնք ուղղված են այսպես կոչված թեթեւ թմրանյութերի օրինականացմանը»: «Դա շատ վտանգավոր ուղի է», - ասել է նա:

Ռուսաստանի նախագահը կոնֆերանսի մասնակիցներին կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել Աֆղանստանի իրավիճակին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Աֆղանստանում թմրանյութերի արտադրությունը եւ շրջանառությունը խնդիր է ոչ միայն Ռուսաստանի եւ հարեւան երկրների, այլեւ՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի համար», - նշել է Պուտինը: «Ըստ ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության վարչության՝  այնտեղ հազարավոր թմրալաբորատորիաներ են գործում: Միայն 2012թ.  թմրանյութերի մշակաբույսերի ծավալն աճել է 18%-ով՝ 131 հազար հա-ից մինչեւ 154», - տվյալներ է մեջբերել նախագահը:

Հիշեցնելով, որ հաջորդ տարի երկրից դուրս են բերվելու Անվտանգության աջակցության միջազգային զորքերը, Պուտինը նշել է, որ այդ քայլի հետեւանքները շատ ծանր կարող են լինել: