Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի, եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբանները չեն պատասխանում հարցերին:

Փաստաբան Կարմեն Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվեց խոսել իր պաշտպանյալից զգուշացնելով, որ ոչ մի հարցի չի պատասխանելու: Դիտարկմանը, թե փաստաբանը ինքն է, նա արձագանքեց. «Ես չեմ ուզում պատասխանել», ինչից հետո անջատեց հեռախոսը: Տիգրան Խաչատրյանի մյուս պաշտպանը` փաստաբան Մարտին Զիլֆուղարյանն անհասանելի էր:

Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն էլ հրաժարվեց պատասխանել հարցին, թե ստանձնելո՞ւ է արդյոք Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպանությունը, թե՝ ոչ: «Ես գիտեմ, թե ինչու եք զանգահարել: Ես իմ աշխատանքային գործունեության վերաբերյալ հարցերին չեմ պատասխանում»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:

Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: