«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն Ազգային ժողովում անդրադարձել է հայտնի սկանդալային տեղեկությանը, ըստ որի երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը Կիպրոսում գրանցված մի ընկերության միջոցով սնանկացրել է գործարար Փայլակ Հայրապետյանին, հաղորդում է lragir.am-ը:
«Դա այն խնդիրը չէ, որ մատների արանքով նայեն, թե իշխանությունը, թե վարչապետը, թե դատախազությունը եւ թե այն կայքը, որ հրապարակել է այդ տեղեկությունը»,- լրագրողների հետ զրույցում նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով Hetq.am-ի հայտնի հրապարակմանը:
Նրա խոսքով, եթե երկրի վարչապետն օֆշորներում գրանցված ընկերության բաժնետեր է, ապա դա պետականության հետ առնչվող խնդիր է։ Քոքոբելյանը նաեւ նշել է, որ սա այն դեպքն է, երբ երկու կողմից մեկը պետք է պատասխանատվություն կրի:
«Ազատ դեմոկրատներ»-ի նախագահը թեեւ նշել է, որ կսպասի գործի քննությանը, սակայն հավելել , որ չի կարծում, թե կայքը առանց որեւէ հիմքերի նման փաստաթուղթ տպագրած լինի:
Նշենք, որ hetq.am-ն իր «Ովքե՞ր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածում գրել էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:
Վարչապետն իր հերթին դիմել է դատախազություն այդ հոդվածի առնչությամբ: Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ վարչապետը դատախազին ուղարկել է մայիսի 29-ին hetq.am-ում հրապարակված հոդվածի լուսապատճեն` խնդրելով ուսումնասիրել եւ քննության առնել հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները, միաժամանակ հայտնելով, որ երբեւէ Կիպրոսում կամ այլ օֆշորում կազմակերպություն չի գրանցել եւ որեւէ մեկին երբեւէ իր անունից կազմակերպություն գրանցելու լիազորագիր չի տվել:



























