Օֆշորային ընկերությունում վարչապետի մասնակցության խնդիրը լուրջ հարց է եւ լրջագույն ուսումնասիրություն է պահանջում: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին ՀՀ Ազգային ողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
«Սա ծանրագույն մեղադրանք է: Այս պահին ես չեմ ուզում դիլետանտ լինել եւ գնահատական տալ: Դա ուսումնասիրության շատ լուրջ թեմա է եւ պետք է սպասել դատախազության պարզաբանմանը: Օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունները ստվերային տնտեսության հիմնական բջիջներն են, եւ եթե Հայաստանի որեւէ պաշտոնատար անձ մասնակցում է այդ գործընթացին, ուրեմն նա ստվերային բջջի մեջ է»,- ընդգծեց պատգամավորը:
Ըստ Ա. Մինասյանի՝ «Հետք» կայքում հրապարակված անձանցից մեկը, որն ըստ երեւույթին խոշոր բաժնետերն է, չի հերքել օֆշորում իր մասնակցությունը, սակայն փորձում է մեղադրանքը տեղափոխել վարչապետի եւ Սրբազան Կճոյանի վրայից անհասկանալի ուղղությամբ:
Ա. Մինասյանի կարծիքով՝ խնդիրը կոծկելու դեպքում վնասվելու է պետությունը: «Ի վերջո, մարդիկ դատաստանի առաջ են կանգնելու, եւ եթե այսօրվա պաշտոնատար անձինք այդքանը չեն գիտակցում, խորհուրդ կտամ վերցնեն եւ պատմության դասագրքերն ուսումնասիրեն: Բոլոր զեղծարարությունները բացահայտվելու են»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:




























