Իրադարձությունները Թուրքիայում զգալիորեն տարբերվում են հերթական «արաբական գարնանից»: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ի մամուլի ասուլիսում հայտնել է արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Ըստ նրա՝ երկու տարբերություն կա. առաջին հերթին, ի տարբերություն Թուրքիայի, արաբական պետությունների նոր իշխանություններն իսլամական տիրապետման ուղով են առաջ շարժվել, եւ երկրորդ, անհրաժեշտ է հաշվի առնել Պարսից ծոցի արաբական երկրների լուրջ ներգրավվածությունը: «Թուրքիայում արտաքին միջամտություն դեռ չի նկատվում», - ընդգծել է արաբագետը:
Նա կարծում է, որ թուրքական իշխանությունները սերտել են «արաբական գարնան» դասերը, որի կապակցությամբ սոցցանցերում հետապնդումներ են սկսվել: «Եթե նույնիսկ Թուրքիայում նման գործընթացներ տեղի ունենան, վարչապետ Էրդողանն իրեն այնպես կդրսեւորի, ինչպես դա անում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը», - ընդգծել է Արմեն Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ անկարգությունները Թուրքիայում սկսվել էին, երբ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ոստիկանությունը ցրել էր այգու պաշտպանների ճամբարը: Քաղաքացիները սկսել էին բողոքել ծառահատման դեմ, սակայն կոչերը քաղաքականի են վերածվել՝ Էրդողանի հրաժարականի պահանջով:



























