Մարտի 3-ին լրանում է «Հայաստան» համահայկական Հիմնադրամի ստեղծման 18 տարին: 1992 թվականի հենց այս օրը ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական Հիմնադրամը` «Հայկական պետականության կայացման ու զորացման գործին համայն հայության ուժերի ու կարողությունների համախումբ գործադրման նպատակով»:
Այս տարելիցի կապակցությամբ Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Աշխարհասփյուռ հայության նվիրատվություններով այսօր մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ ունեն տուն, ջուր, գազ, ջեռուցում, բարեկեցիկ կյանքի պայմաններ: Հայրենաշինության գործում իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել Հիմնադրամի աշխարհասփյուռ 18 տեղական մարմինները:
Իր գոյության ընթացքում Հիմնադրամն իրականացրել է ավելի քան 200 մլն դոլար արժողությամբ ծրագրեր՝ ավելի քան 300 000 նվիրատուների աջակցությամբ.
∙ Ճանապարհ` ավելի քան 470 կմ
∙ Ջրագիծ` ավելի քան 212 կմ
∙ Գազատար` ավելի քան 144 կմ
∙ Էլեկտրական ցանց` ավելի քան 75 կմ
∙ Դպրոց եւ մանկապարտեզ` ավելի քան 218
∙ Բնակարան` ավելի քան 410
∙ Հիվանդանոց եւ բուժկետ` ավելի քան 34
∙ Սպորտային եւ մշակութային կենտրոն` ավելի քան 21»:



















