Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած համայնքներում հրապարակված են սոցիալապես անապահով ընտանիքների ցանկերը, որոնք պետք է աջակցություն ստանան: Այդ մասին այսօր՝ հունիսի 6-ին, ՀՀ կառավարութւյան նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը; Նրա խոսքով՝ ընտանիքների ցուցակները փակցված են համայնքապետարանների պատի վրա: Ըստ Տ. Սարգսյանի՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պետք է բացահայտի առավել անապահով խմբերի, 1600 ընտանիք ֆինանսական օժանդակություն պետք է ստանա:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացմամբ՝ 207 մլն դրամ հատկացվեց հողի հարկի փոխհատուցման նպատակով: Գումարները կհատկացվեն Արմավիրի մարզպետարանի միջոցով, իսկ գյուղացիները կծանուցվեն, որ հողի հարկը վճարված է:
Ոռոգման ջրի վարձերը հատուցելու համար հատկացվեց 650.1 մլն դրամ: Այդ գումարները կտրվեն ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ ջրօգտագործողների միություններին բաշխելու համար, ըստ համայնքների կողմից հաստատված ցուցակների:
Բացի այդ՝ Տ. Սարգսյանի առաջարկով խորքային ջրեր օգտագործող մի շարք տնտեսությունների կհատուցվեն էլեկտրաէներգիայի ծախսերը:




























