Հանրային խորհրդում վերջին օրերին աշխատանքային քննարկումներ են անցկացվել գազի սակագնի բարձրացման վերաբերյալ ինչպես ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում, այնպես էլ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում:

Հունիսի 5-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ Հանրային խորհրդում գազի սակագնի վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ հանձնաժողովի այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցում էին նաեւ ՀԽ անդամներ Վազգեն Սաֆարյանը, Արշակ Սադոյանը, Ռոբերտ Աթոյանը, Հայկ Սարգսյանը, ՀԽ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովի անդամներ:

Վազգեն Մանուկյանն իր խոսքում նշեց, որ գազի սակագնի կտրուկ աճն ավելի կխորացնի երկրում առկա սոցիալական լարվածությունը` առաջ բերելով մի շարք բացասական հետեւանքներ:

Հանրային խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր ուղղեցին Ռոբերտ Նազարյանին, որոնք մասնավորապես վերաբերում էին «Հայռուսգազարդ» ընկերության ծախսերի ծավալին, աշխատավարձերի ֆոնդին, աշխատավարձերի նախատեսվող բարձրացման հիմնավորումներին, սահմանի եւ բաժանորդներին հասնող գազի գնի միջեւ առկա մեծ տարբերությանը (գրեթե կրկնակի, մինչդեռ ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանի դիտարկմամբ` Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներ ունեցող երկրներում այդ տարբերությունը 40-50 տոկոս է) եւ այլ հարցերի:

Ռոբերտ Նազարյանի խոսքով` իրենք արել են հնարավոր ամեն բան` գազի առաջարկվող սակագինը նվազեցնելու ուղղությամբ: Միաժամանակ նա շեշտեց, որ կան նաեւ օբյեկտիվ հանգամանքներ, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել. նյութատեխնիկական ծախսերի ավելացում, աշխատողների թվի աճ, ներդրումային ծախսեր, գազօգտագործողների թվի աճ եւ այլն:

ՀԽ անդամ Ռոբերտ Աթոյանը նշեց, որ անգամ այդ փաստարկների դեպքում հնարավոր է գտնել մեխանիզմներ սակագինն առավել նվազեցնելու համար: Նա բարձրացրեց ոչ միայն «Հայռուսգազարդի» աշխատողների աշխատավարձի հարցը` նշելով, որ դա այս պահին արդարացված չէ, այլեւ ընդգծեց օտարերկրյա անկախ փորձագիտական ընկերության կողմից ընկերության կառավարման եւ գործունեության արդյունավետության մոնիթորինգի իրականացման անհրաժեշտությունը:

Ռոբերտ Նազարյանը հայտնեց, որ իրենք հնարավորինս մեծ թվով կրճատել են ընկերության կողմից աշխատավարձերի բարձրացման առաջարկվող թիվը:

ՀԽ անդամներից մեկն առաջարկեց գազի սակագները սահմանել տարբերակված եղանակով, օրինակ` ըստ սեզոնի, նշելով, որ նման պրակտիկա արտերկրում գոյություն ունի: Ռոբերտ Նազարյանն ասաց, որ առաջարկը կարելի է առանձին քննարկել:

Բարձրացվեց նաեւ մարզերի համար տարբերակված մոտեցում ցուցաբերելու հարցը՝  հաշվի առնելով աշխարհագրական դիրքը (առավել ցուրտ մարզերում սահմանել ցածր սակագներ` ելնելով գազի օգտագործման առավել մեծ ժամանակահատվածից) եւ այլն:

Քննարկման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքային խումբ ձեւավորել ՀԽ անդամների եւ ՀԾԿՀ մասնագետների միջեւ եւ համատեղ շարունակել աշխատանքը՝ գազի սակագինը նվազեցնելու հնարավոր այլ տարբերակներ գտնելու ուղղությամբ: