Առաջիկայում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է գնան Գորիս, վրաններ խփեն եւ մարդկանց ոտքի հանեն։ Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի խմբակցության անդամ, «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» դեպքերի բոլոր մասնակիցներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ հնարավոր է, շաբաթ եւ կրակի օրերին լինեն Գորիսում եւ Կապանում։
Անդրադառնալով Գորիսի դեպքերին՝ նա նշեց, որ ՀՀ իշխանություններն արդեն իսկ հենված են քրեական տարրերի, հանցագործների վրա, նրանց աջակցությունն են վայելում, իսկ այդ պարագայում մենք ունենալու ենք նմանատիպ դեպքեր, նոր սպանություններ, քանի որ հանցագործ իշխանությունները գիտեն, որ մի բան անեն, վերջում կամ քնած են լինելու կամ տարածքում ֆուտբոլ նայելիս են լինելու։ Նա վստահ է, որ եթե կծիկը բացվի, ապա Սուրեն Խաչատրյանի վրա բազմաթիվ հանցագործություններ կբացահայտվեն։
Նա շեշտեց, որ պետության պատժիչ մեքենան աշխատում է իշխանությունների դեմ հանդես եկող քաղաքացիների դեմ, եւ եթե Սուրեն Խաչատրյանը կարող է հարվածել մարդու եւ պատասխանատվության չենթարկվել, ավելին՝ շքանշան ստանալ, ապա Դավիթ Սանասարյանը նշեց, որ առաջիկայում ինքն էլ փորձի հարվածել իշխանության ներկայացուցչին եւ պատասխանատվության չենթարկվել։
«Սուրիկ Խաչատրյանը բազմիցս ապացուցել է, որ այդպիսին է, բազմաթիվ դեպքեր են եղել, կարող է հերթով ապտակել բոլորին, եւ որեւէ պատասխանատվության չենթարկվել։ Ես էլ եմ փորձելու իշխանության ներկայացուցիչներին հերթով ապտակել է, միեւնույն է պատասխանատվության չեն ենթարկվելու»,- նշեց նա։
Դավիթ Սանասարյանն ասաց, որ Գորիսի դեպքերը նորություն չէին, սպասելի էր այս դեպքը, վաղուց էին զգուշացրել, որ Սյունիքի մարզպետը հանցագործ կերպար է, իշխանությունները որեւէ բացասական գնահատական չեն տալիս, ամեն ինչ անում են, որ պահեն նրան, «որովհետեւ Լիսկան իրենց դեռ պետք է, պետք է քամեն մինչեւ վերջ»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























