Սյունիքի մարզպետարանի երեկ տարածած հայտարարության վերաբերյալ այսօր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հաղորդում են տարածելու հանցագործության մասին։ Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի խմբակցության անդամ, «»Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» դեպքերի բոլոր մասնակիցներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:
Նա նշեց, որ նման հայտարարություն տարածելու համար Քրեական օրենսգրքով պատիժ է նախատեսվում, եւ Սյունիքի մարզպետարանի տարածած հայտարարությունը օրենքի կոպիտ խախտում է։ Դավիթ Սանասարյանը նշեց, որ պատասխանատվության ենթարկվողները կվճարեն սահմանված տուգանքը, բայց խնդիրն այն է, որ նրանք կարողացան ինֆորմացիոն պատերազմում ազդեցություն ունենալ, այդ նպատակով օգտագործեցին կառավարության կայքը, «սա հերթական ապօրինությունն է»:
Դավիթ Սանասարյանն, անդրադառնալով մարզպետարանի տարածած հայտարարությանը, նշեց, որ դա մարտաֆիլմի սցենար էր, աբսուրդ բեմադրություն, եւ Սուրեն Խաչատրյանի կնոջը առաջիկայում կարելի է շքանշան տալ։ նա չի հավատում այդ հայտարարության մեջ ներկայացված մանրամասներին՝ շեշտելով, որ չի կարծում, թե Բուդաղյան Ավետիսը առանց որեւէ պատճառի կգար եւ կհարձակվեր Սուրեն Խաչատրյանի վրա, հավանաբար նվաստացրել են, եկել է ինչ-որ պատասխան է պահանջել «Չեմ կարող ասել, որ Սուրեն Խաչատրյանն է կրակել, նաեւ չեմ կարող ասել, որ նա չի կրակել»,- ասաց Դավիթ Սանասարյանը։
Ի դեպ, ասուլիսի ընթացքում պարզ դարձավ, որ Կառավարությունը ընդունել է Սյունիքի մարզպետի հրաժարականի դիմումը։ Անդրադառնալով այս հարցին՝ Դավիթ Սանասարյանը նշեց, որ նա ոչ թե պետք է ազատվեր մարզպետի պաշտոնից, այլ պետք է հեռացվեր այդ պաշտոնից։
Նա շեշտեց, որ Սուրեն Խաչատրյանին մարզպետի պաշտոնից ազատելը բավարար չէ, պետք է նրան քրեական պատասխանատվության ենթարկել։ «Եթե կարողանանք հասարակական ճնշում ապահովել, արդյունք կունենանք այս գործում, եթե ոչ, կթողնենք իշխանության փիառ ակցիաների վրա։ Իշխանությունը չի փոխվի, քանի մենք չունենանք հասարակության պահանջատեր կեցվածքը»,- ասաց Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ այս գործի շրջանակներում մի քանի հոգու պատասխանատվության կենթարկեն, չի բացառվում, որ Արտակ Բուդաղյանին եւս պատասխանատվության ենթարկեն։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























