Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է Մոսկվայում իրականացված ահաբեկչությունների կազմակերպիչ Յուլայ Դավլետբաեւին: Այս մասին հայտնում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն (ԱՀԿ): Հատուկ օպերացիան իրականացվել է մերձմոսկովյան շրջանում: Հաղորդվում է, որ նա ավելի վաղ Օրեխովո-Զուեւոում վնասազերծված խմբի ղեկավարն է եղել: Ինչ վերաբերում է ծրագրավորված ահաբեկչությունների պատվիրատուներին, նրանք գտնվում են արտասահմանում:

ԱՀԿ-ի տեղեկացմամբ` կազմակերպիչը Մոսկվայում աշխատել է որպես տաքսու վարորդ` այդպիսով մայրաքաղաքում այնպիսի խոցելի տեղեր էր գտնում, որ զոհերի թիվը մեծ լինի: Հայտնի է դարձել նաեւ, որ Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ իրականացվելիք ահաբեկչությունների կազմակերպիչները զինված հարձակումներ են իրականացրել նաեւ Աֆղանստանի կոալիցիոն ուժերի դեմ: Ըստ «ՌԻԱ նովոստիի»` ահաբեկչությունները կազմակերպվում էին «Թուրքմենստանի իսլամական կուսակցություն» ահաբեկչական կազմակերպության պարագլխի հրամանով:

Հիշեցնենք, որ 2013թ մայիսի 20-ին ԱԴԾ հայտարարել է Մոսկվայում իրականացվելիք խոշոր ահաբեկչության կանխարգելման մասին: Օրեխովո-Զուեւոում իրականացված հատուկ օպերացիայի ընթացքում սպանել են 2 ահաբեկիչների, իսկ երրորդին ձերբակալել են: Հաղորդվում է, որ ահաբեկիչները Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք եկել են աֆղանապակիստանյան շրջանից, որտեղ էլ մարտական վերապատրաստում են անցել` պատրաստվելով ահաբեկչություն կատարելուն: Ձերբակալվածներից Ամերխանովն ասել է, որ ահաբեկչության անմիջական ղեկավար  նշանակված է եղել 43-ամյա Յուլայ Դավլետբաեւը, որը Օրեխովո-Զուեւոում իրականացված հատուկ օպերացիայի ժամանակ ներկա չի եղել:

2013թ մարտին Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է «Թուրքմենստանի իսլամական կուսակցության» մոսկովյան մասնաճյուղի առաջնորդին` Ուզբեկստանի քաղաքացի Աբդուխոֆիզ Խոլմուրոդովին, ով գտնվում էր միջազգային հետախուզման մեջ:

«Թուրքմենստանի իսլամական կուսակցությունը» (որը հայտնի նաեւ որպես «Ուզնեկստանի իսլամական շարժում») ռուսաստանի գերագույն դատարանի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Նրա գործունեությունը բազմաթիվ եվրոպական եւ միջինասիական երկրներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում արգելված է: