Հունիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի անվանի անվանի քանդակագործ, ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր Նիկոլայ Բագրատի Նիկողոսյանի 95-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը: Արվեստագետն ապրում եւ ստեղծագործում է Մոսկվայում, սակայն իր հոբելյանական ցուցահանդեսը կազմակերպվում է հայրենիքում: Այս առիթով Նիկոլայ Նիկողոսյանը հանդես է եկել բացառիկ նվիրատվությամբ` Հայաստանի ազգային պատկերասրահին ընծայել է բալետի աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայայի մարմարե կիսանդրին: Ս.թ. մայիսի 3-ին ցուցահանդեսը բացվեց Արցախում, Շուշիի արվեստի նորաստեղծ կենտրոնում: Երեւանում ներկայացվելու են հայ հանդիսատեսին վարպետի տակավին անհայտ գրաֆիկական ինքնադիմանկարները, 15 գեղանկարչական կտավ եւ հաստոցային դիմաքանդակի ընտրանի հեղինակի երեւանյան հավաքածուից, ինչպես նաեւ ՀԱՊ հավաքածուից երկու քանդակ:
Նիկոլայ Նիկողոսյանը առավելապես հայտնի է իբրեւ մոնումենտալիստ: Հիշատակենք միայն Երեւանի խորհրդանիշ դարձած Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի հուշարձանները, Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորների հուշարձանը Նալբանդյան գյուղում, Ավետիք Իսահակյանի հուշարձանը Գյումրիում, Մոսկվայի նշանավոր «ստալինյան բարձրահարկներից» մեկի ճակատային մոնումենտալ քանդակները եւ այլն: Այդ հուշարձանները կներկայացվեն լայնաֆորմատ թվային տպագրության միջոցով:
Նախագծում փորձ է արվում դիտել խորհրդահայ արվեստագետի ստեղծագործական ուղին պատմական լայն կտրվածքով՝ ստալինյան ամպիրից մինչեւ «ազգային մոդեռնիզմ» եւ ըմբռնել գաղութային-ամբողջատիրական մշակույթի համատեքստում նրա կայանալու ու միեւնույն ժամանակ օֆիցիոզը շրջանցելու ֆենոմենը: Հետազոտության մեջ նաեւ փորձ է արվում կապել արվեստագետի անձնական, մասնավոր պատումը մեծ պատումի հետ, բացահայտել դրանք նրա երկերում:
Այսպիսով, հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու վարպետի ստեղծագործությունը հնարավորինս ամբողջական՝ վերջինիս ժամանակագրական, ժանրային, գեղարվեստական բազմազանությամբ: Նիկոլայ Նիկողոսյանի արվեստը այսպիսի ընգրկունությամբ Հայաստանում դեռեւս չի ներկայացվել, իսկ այս առթիվ լույս տեսած մենագրություն-պատկերագիրքը հայերեն լեզվով Հայաստանում տպագրված առաջինն է:
Ողջ նախագիծը կյանքի է կոչվել բարերար, մեկենաս, ծագումով արցախցի մոսկվայաբնակ Սարգսյան ընտանիքի ներդրման շնորհիվ: Նրանց հովանավորությամբ է նաեւ Շուշիում վերականգնվել պատմաճարտարապետական հուշարձաններից մեկը՝ նախկին Հայ հոգեւոր տեսչության տպարանի շենքը, որը 19-րդ դարում հայկական երկրորդ տպարանն էր: Շենքը այսուհետ ծառայելու է որպես Շուշիի արվեստի կենտրոն, որտեղ եւ տեղի ունեցավ Նիկոլայ Նիկողոսյանի ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա էին Արցախի հանրապետության նախագահը եւ կառավարության անդամներ:
Նախագծի համադրողը եւ պատկերագրքի կազմողը, տեքստերի հեղինակն ու թարգմանիչն է Լիլիթ Սարգսյանը, լուսանկարների հեղինակ՝ Գերման Ավագյանը, գրքի դիզայնը եւ մակետավորումը՝ Վահան Քոչարի: Կենսագրականները եւ մատենագիտությունը կազմել է Մարիամ Դավթյանը: Պատկերագիրքը տպագրվել է «Տիգրան Մեծ» տպարանում:




























