Դոնի Ռոստովում խառը վարակը շարունակում է տարածվել «Տերեմոկ» մանկապարտեզի երեխաների շրջանում: Հունիսի 6-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ բժիշկների հսկողության տակ վարակված 78 երեխաներ կան, նրանցից 50-ը ամբուլատոր բուժում են ստանում: Հիվանդանոց է տեղափոխվել 28 երեխա, նրանցից իննի մոտ մենինգիտ է հայտնաբերվել, վեցը վերակենդանացման բաժանմունքում են:

Մասնագետների կարծիքով՝ մանկապարտեզում խառը վիրուսաբակտերիալ ինֆեկցիա է առկա. պնեւմոկոկից բացի, հայտնաբերվել է հեմոֆիլային ցուպիկ եւ էնտերովիրուս: Հաշվի առնելով իրավիճակի բարդությունը՝ ռոստովյան բժիշկներին օգնության են հասել Սանկտ Պետերբուրգից ժամանած բժիշկները, այդ թվում՝ երկու ինֆեկցիոնիստներ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ռոստովի մարզի գլխավոր սանիտարական բժիշկը հաղորդել է, որ վարակի աղբյուրի մասին առայժմ ոչինչ չի կարող ասել: Չի բացառվում, որ ինֆեկցիայի առաջացմանը նպաստած լինի մանկապարտեզում տիրող վիճակը: Սանիտարական բժիշկները խախտումներ են հայտնաբերել ճաշարանում, շենքում օդափոխության հետ կապված խնդիրներ կան:

Հիշեցնենք, բարձր ջերմությամբ առաջին երեխային հիվանդանոց էին տեղափոխել  հունիսի 2-ին: Երկու օր անց եռամյա Լյոնյան մահացել էր վերակենդանացման բաժանմունքում: Նույն օրը մանկապարտեզի եւս 16 փոքրիկների էին տեղափոխել հիվանդանոց:

Ռոստովում մեկ երեխա մահացել է, 16-ը՝ հոսպիտալացվել մենինգիտ ախտորոշմամբ: