Երեւանի քաղաքապետարանում բնակչության կողմից ստացվող դիմումների մեջ զգալի թիվ են կազմում գործառնական նշանակության շինարարություն ծավալելու թույլտվություն ստանալու մասին դիմումները: Ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար սահմանված է 10-օրյա ժամկետ, որից հետո քաղաքացին կարող է իր նախագծային առաջարկով դիմել Մեկ պատուհանի գրասենյակներ՝ միաժամանակ ստանալով նախագծի համաձայնություն եւ շինթույլտվություն:
Բնակչության սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մշակվել եւ ավագանու որոշմամբ սահմանվել է շինթույլտվության տրամադրման պարզեցված ընթացակարգ:
Քաղաքապետի հանձնարարությամբ սահմանված պարզեցված ընթացակարգով, եթե խոսքը արդեն կառուցված ցածրահարկ բնակելի տան, օրինակ՝ ցանկապատը կամ զրուցարանը վերակառուցելու մասին է, քաղաքացիները կարող են դիմել տվյալ վարչական շրջանի մեկ պատուհանի գրասենյակ եւ 2-3 օրում ստանալ էսքիզային առաջարկ: Նման դեպքերում շինթույլտվություն կամ ավարտական ակտ չի պահանջվում: Նախկինում, ի դեպ, նույն գործընթացը կարող էր շուրջ 1 ամիս տեւել: Վարչական շրջանների աշխատակազմերում կարելի է համաձայնեցնել նաեւ նոր բնակելի տների նախագծերը:
Եթե քաղաքացին հնարավորություն չունի նախագիծ պատվիրելու, քաղաքապետարանի կողմից անվճար հիմունքներով տրամադրվում են արդեն հաստատված նախագծի օրինակ եւ արագ շինթույլտվություն:
Եթե մասնավոր տնատիրության հատվածում կառուցվող նոր շինությունը գտնվում է հարեւան տան շինության սահմանաեզրին, եւ կարող են դրանից բխող խնդիրներ առաջանալ, ապա անհրաժեշտ է նաեւ ունենալ հարեւանի գրավոր համաձայնությունը:




























