Վաղը` հունիսի 7-ին, ՀՀ ԱԻ նախարարությունում նախարար Արմեն Երիցյանը նոր տեխնիկա կհանձնի Հատուկ ջրափրկարարական ջոկատին` «ԶԻԼ 131 Կունգ» մակնիշի ամենագնաց մեքենա, որը կահավորված ջրափրկարարների տեղափոխման եւ հանգստի համար անհրաժեշտ պարագաներով ու ջեռուցման համակարգով։

Ամենագնաց մեքենան զինված է (շարժիչով եւ լողաթիերով փչովի մոտորանավակ, շարժական էլ. գեներատոր, ստորջրյա հետախուզության սարք, շնչառական ապարատներ, պահեստային օդամբարներ, ամառային եւ ձմեռային ջրափրկարարական հանդերձանք, լապտերներ, կարթաձողեր, հալոգենային լուսարձակներ, պատգարակներ, մեխանիկական կարապիկ (3,6 տոննա), փրկարարական գործիքներ, առաջին բուժօգնության պարագաներ, ռադիոկապի միջոցներ եւ այլն)։

Ներկայումս հանրային 2 լողափերում արդեն տեղադրված են լողանշաններ, եւ հատուկ ջրափրկարարական ջոկատը սահմանված կարգով ծառայություն է իրականացնում:

2012 թ. ընթացքում Հատուկ ջրափրկարարական ջոկատի ուժերով փրկվել է 34 մարդ: Արձանագրվել է ջրահեղձման 11 դեպք։

2013 թ. ընթացքում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ջրահեղձման 4 դեպք, որից 1-ը Սեւանա լճում, 3-ը` այլ ջրային տարածքներում։