Երեւանում, հունիսի 12-ին, ժամը 19:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա հոբելյանական երեկո՝ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Կարապետյանի ծննդյան 85 եւ ստեղծագործական գործունեության 70 ամյակներին:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը կմասնակցեն Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական եւ «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթները, ինչպես նաեւ՝ անհատ կատարողներ: Հոբելյանական երեկոն կվարի ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:
Արտաշես Կարապետյանը 1974-1980 թթ. ղեկավարել է վաստակավոր կոլեկտիվ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի պարային մասը: Նրա ղեկավարած «Տիգրանակերտ», «Անահիտ», «Լույս» պարախմբերը բազմիցս դարձել են համամիութենական եւ հանրապետական մրցույթների դափնեկիրներ:
Այժմ «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի անսամբլի պարային ծրագրի բեմադրիչն է:
Արտաշես Կարապետյանը 1976 թ-ից աշխատում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժնում՝ որպես ավագ դասախոս:
Արտաշես Կարապետյանը պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, արժանացել նաեւ՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:




























