Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի հայաստանյան առաքելության բնապահապանական ավագ մասնագետ, աշխատախմբի ղեկավար Ադրիանա Դամիանովայի ղեկավարած պատվիրակությանը:
Հանդիպման նպատակն է Հայաստանի հիմնական գործակալությունների կարողությունների բարելավումը: Այդ նպատակով Համաշխարհային բանկը իրականացնում է «Հանքարդյունաբերության ոլորտում շրջակա միջավայրի կառավարման եւ թափանցիկության համար» դրամաշնորհային ծրագիրը:
Նախարարն ողջունելով պատվիրակության անդամներին նշել է, որ հերթական հանդիպումը խորհրդանշական, որը ազդարարում է ծրագրի հաջող ընթացքը:
Զրուցակիցները քննարկել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքների կիրառման նպատակով շահառուների մի շարք հանքարդյունաբերական համայնքների եւ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ գործնական ուղեցույցների մշակման, հանքարդյունաբերության գործունեության բնապահպանական վերահսկողություն միջազգային եւ տեղական մակարդակով իրականցնելու վերաբերյալ հարցեր: Ինչպես նաեւ անդրադաձ է կատարվել ծրագրի արդյունավետ եւ ժամանակին իրականացումը` համապատասխան կադրային, դրամաշնորհների կառավարման, ծրագրի մշտադիտարկման, գնահատման եւ հաշվետվողականության տրամադրմանը:
Հանդիպման ընթացքում կարեւորվել է դեռեւս մշակման փուլում գտնվող շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին նոր օրենքի ընդունումը:
Նախարար Հարությունյանը ընդգծել է, որ ՇՄԱԳ նոր օրենքի նախագիծը անցել է մի քանի հանրային լսումներ: «ՇՄԱԳ նոր օրենքի նախագծի ստեղծման համար նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ լայնորեն ներգրավված են հանրային հատվածի ներկայացուցիչները: Օրենքի ներկայացման համար կա նաեւ համազեկուցող հանրային հատվածից»,- նշել է նախարարը եւ որոշակի պարզաբանումներ տվել օրենքի նախագծում առկա նոր մոտեցումների մասին:
Ավարտին Ադրիանա Դամիանովան խոսելով ծրագրի ընթացքի մասին արձանագրել է, որ ներկա դրությամբ գրանցվել են դրական արդյունքներ: «Ես ուրախ եմ, որ Ձեր թիմը լրջորեն աշխատում է ծրագրի վրա»,- նշել է Դամիանովան:




























