Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Ահմեդ Էյվեյդայի գլխավորությամբ: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Ս. Թադեւոսյանը գոհունակություն է հայտնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունից եւ հույս հայտնել, որ այն էլ ավելի կամրապնդվի:

«Ուրախալի է, որ առաջիկայում Համաշխարհային բանկի գործակցության մտադրությունը կապված է տարածքային զարգացման օժանդակությանը` մասնավորապես զբոսաշրջության ոլորտում, որի զարգացումն անմիջականորեն կապված է քաղաքաշինական խնդիրների, ենթակռուցվածքների ձեւավորման հետ»,- նշել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ քաղաքաշինության նախարարությունում ներկայում այդ ուղղությամբ մի քանի ծրագրեր են իրականացվում, մասնավորապես` նշել է «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի, Գյումրիի Վանաձորի, Դիլիջանի եւ Ջերմուկի քաղաքաշինական նախագծերի մասին:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի քաղաքաշինության ոլորտի եւ Համաշխարհային բանկի համագործակցության զարգացման հեռանկարները: ՀԲ պատվիրակության ղեկավար Ահմեդ Էյվեյդան տեղեկացրեց, որ ներկայում ՀԲ-ում մշակվում է մեր երկրի հետ գործակցության 2 ուղղություններ` տարածքային զարգացման եւ աղետների ռիսկերի կառավարման խնդիրների վերաբերյալ:

շՆպատակ ունենալով նպաստել տարածքային զարգացմանը, շեշտը դնելով մանր ու միջին գործարարության խթանման վրա, զրուցակիցները զբոսաշրջության զարգացման ուղղությամբ քննարկեցին 3 ուղղություններ` Խոր Վիրաբ-Նորավանք-Եղեգնաձոր-Սյունիք, Գյումրի-Ստեփանավան-Ալավերդի, Սեւանա լիճ-Դիլիջան: ՀԲ կայուն զարգացման ոլորտի ղեկավար Զարուհի Թոխմախյանը ընդգծեց Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման, ինչպես նաեւ շենք-շինությունների սեյսմազինվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ ՀԲ-ի պատրաստակամության մասին:

Նախարար Սամվել Թադեւոսյանը հաշվի առնելով Հայաստանում սողանքների ու երկրաշարժի հավանականությունը, առանձնահատուկ կարեւորեց ՀԲ-ի աջակցությունը աղետների ռիսկերի կառավարման հարցում: Այդ համատեքստում պարոն Թադեւոսյանն ընդգծեց «Հայսեյսմշին» ընկերության վերազինման խնդիրը, որի արդիականացման շնորհիվ կիրականացվի նախագծահետազննական աշխատանքներ եւ կբարձրանա շենք-շինությունների կառուցման եւ ուժեղացման վերականգնման որակը: Նախարար Ս. Թադեւոսյանը տեղեկացրեց, որ քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրներից են շենքերի սեյսմակայունության ապահովմանն ուղղված իրավական հիմքերի ապահովումը եւ շենքերի ու շինությունների տեխնիկա¬կան տվյալների բազայի ստեղծումը: Նախարարի խոսքերով`  առաջնահերթությունը տալով կրթական, մարզական եւ մշակութային հաստատություններին` արդեն հավաքագրվել է մոտ 2500 շենք–շինությունների տեխնիկական տվյալներ:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին վերոնշյալ ծրագրերի ուղղությամբ համագործակցության առնչությամբ: