Աֆղանստանում ISAF-ի զորքերից վրացի յոթ զինծառայողներ են զոհվել ահաբեկիչների հարձակման ընթացքում: Վրաստանում հունիսի 7-ը նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի որոշմամբ Սգո օր է հայտարարվել:
Երկրի ամբողջ տարածքում հունիսի 7-ին խոնարհվելու են պետական դրոշները, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Վրաստանի զինված ուժերի միասնական շտաբի ղեկավար Իրակլի Ձնելաձեն հայտնել է, որ Հիլմենդ նահանգում մահապարտ-ահաբեկիչը բեռնատարի պայթյուն է իրագործել վրացական ռազմակայանում, որի հետեւանքով զինծառայողներ են զոհվել: Սկզբում տվյալներ էին ստացվել վեց զոհերի մասին, ավելի ուշ հայտնի էր դարձել եւս մեկ զինծառայողի մահվան մասին: Ինը մարդ վիրավոր է:
Ողբերգության կապակցությամբ արդեն ցավակցություն են հայտնել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի համանախագահ Ջեյմս Ապաթուրայը:
Վրացի խաղաղապահներն Աֆղանստանում ISAF-ի ուժերի կազմում առաքելություն են իրականացնում 2009թ. օգոստոսից: Աֆղանստանում ծառայում է 1545 վրացի զինծառայող: Ծառայության սկզբից մինչ օրս զոհվել է վրացի 29 զինվորական:



























