Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի կառավարական հանձնախմբի անդամ Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումները շարունակվել են մինչեւ ուշ գիշեր։

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի մեկնարկն ազդարարող համերգի ավարտին, Կարապի լճի շրջակայքում զբոսնող քաղաքացիներին ու մրցույթի առիթով Երեւան ժամանած հյուրերին անակնկալ է մատուցվել՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ներքո ֆլեշ-մոբ պարային ներկայացմամբ։ Պարային ներկայացումից հետո ելույթ են ունեցել Երեւանի երաժշտական կրթօջախների սաները։

Կարապի լճում տեղադրված սեզոնային մեծ էկրանի բացումը եւս տեղի է ունեցել աշխարհահռչակ կոմպոզիտորի ստեղծագործության՝ «Սպարտակ» բալետի ցուցադրությամբ։

 Ի դեպ, Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի մեկնարկի համերգը հեռարձակվել է Ազատության հրապարակում տեղադրված էկրանով։