Պռոշյանի գյուղապետի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանն անմեղ է, նրան առաջադրվել է անհիմն, ապօրինի մեղադրանք, նույնիսկ գոյություն չունի հիմնավոր կասկած այն մասին, որ նա կատարել է հանցավոր արարք։ Այս մասին այսօր՝  հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա շահերի պաշտպան, փաստաբան Գիվի Հովհաննիսյանը։

Նա շեշտեց, որ Արայիկ Պետրոսյանի մոտից անձնական խուզարկությամբ, ինչպես նաեւ նրա բնակարանի խուզարկություններով որեւէ ապօրինի զենք չի հայտնաբերվել, պաշտպանական կողմին չի ներկայացվել նույնիսկ մեկ տեղեկություն այն մասին, որ Արայիկ Պետրոսյանը որեւէ ձեւով առնչությւն ունի իրեն մեղադրվող արարքներին։

Նա շեշտեց, որ վերջինիս մեղադրանք են հարուցել, որովհետեւ «Նիվա» է վարում եւ անտիմոն է հայտնաբերվել, մինչդեռ անտիմոնը կենցաղում լայն տարածում ունեցող նյութ է, օգտագործվում է մարտկոցների, կանացի կոսմետիկայի, մազերի ներկերի մեջ եւ այլն։

Գիվի Հովհաննիսյանը շեշտեց, որ քննությամբ չի պարզվել անտիմոնի մետաղացման հետքերի վաղեմությունը։ Փաստաբանը նաեւ շեշտեց որ իր պաշտպանյալին կալանավորելուց մինչ օրս մեկ անգամ է հարցաքննվել, այն էլ՝ երեկ, նրա հետ առերեսում կամ այլ քննչական գործողություն չի կատարվել։

Բացի իրավական հիմնավորումներից՝ փաստաբանը  մի շարք տրամաբանական փաստարկներ ներկայացրեց, որոնք ցույց են տալիս, որ իր պաշտպանյալն անմեղ է։

«Ստացվում է, որ Արայիկ Պետրոսյանը, իմանալով, որ գյուղում իրեն կճանաչեն, իր կողմից վարվող մեքենան, այդքան մարդկանց միջով գնացել եւ կատարել է սպանությունը, այսինքն կատարել է բացահայտ սպանություն, այդ դեպքում ինչի է ասում, թե ինքը մեղավոր է։ Բացահայտ սպանություն կատարողը կգնար, կխոստովաներ, զենքն էլ կհանձներ»,- ասաց նա։

Փստաբանը շեշտեց, որ օբյեկտիվ քննություն չի կատարվում, ուղղորդված քննություն է, ներկայացվում են ընդամենը փաստարկների մի մասը, մասնավորապես՝ ցուցմունք կա, որ «Նիվա» մակնիշի մեքենայի համարանիշի առաջին թվերը երեք հատ են, մինչդեռ Արայիկ Պետրոսյանի մեքենայի առաջին երկու համարանիշը երկու թիվ է։ Խափանման միջոցի փոփոխության հետ կապված Վերաքննիչ դատարանի հետ փաստաբանը հույս չի  կապում՝ ասելով, որ դատարանը որեւէ փոփոխություն չի անելու։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am