Քննություն իրականացնող մարմինը դիմել է դատարան՝ երկու ամիս ժամկետով երկարացնելու Արտակ Պետրոսյանի կալանքը։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա շահերի պաշտպան, փաստաբան Գիվի Հովհաննիսյանը։
Փաստաբանը շեշտեց, որ արհեստականորեն քրեական գործ են հարուցել, նպատակն է այս գործը կապել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործի հետ։
Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ ցանկանում են հիմնավորել, որ նախկինում վիճաբանություն է եղել Պետրոսյան եղբայրների եւ Հրաչ Մուրադյանի միջեւ, ինչն էլ վեր է ածվել թշնամության։ Սակայն, նրա խոսքով, այդ վիճաբանությունը տեղի չի ունեցել Հրաչ Մուրադյանի եւ Արտակ Պետրոսյանի միջեւ, եւ գյուղապետի հարազատները հարցազրույցներում նշել են, որ իրենց եւ Պետրոսյանի ընտանիքի մեջ լարված, թշնամական հարաբերություններ չեն եղել, եւ իրենք չեն հավատում, որ եղբայրները կապ ունեն այդ սպանության հետ։
«Այստեղ գործ ունենք ոչ թե իրավական դաշտում անձի մեղավորության հարցը լուծելու կամ արարքին ճիշտ իրավական գնահատական տալու հետ, այլ անձանց ցանկությունների հետ, առանց որեւէ հիմնավորման ցանկություն է եղել անհիմն մեղադրանք առաջադրել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորում, ինչն այդպես էլ կատարվել է»,- նշեց Գիվի Հովհաննիսյանը։
Փաստաբանը շեշտեց, որ իր պաշտպանյալին կալանվորելուց հետո քննիչը որեւէ անգամ չի այցելել նրան, միայն մի քնաի օր առաջ այցելել եւ հայտնել է, որ ցանկանում են երկարացնել կալանքը։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել:
Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում էր նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը:
Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանն ազատվել էր արգելանքից: Գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:
Արգելանքից ազատվելուց օրեր անց Արտակ Պետրոսյանը ձերբակալվել, ապա` կալանավորվել էր խուլիգանության մեղադրանքով: Դա կապված է սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ նրա ՀՀԿ-ական մրցակից Արթուր Մուրադյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետ, այդ ժամանակ նա դեպքի վայրում է եղել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























