ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Պուտինի նախօրեի հայտարարությանը: Նախագահը տեղեկացրել էր, որ մտադիր է ամուսնալուծվել կնոջից՝ Լյուդմիլայից: Ըստ Պեսկովի՝ զույգը վստահաբար ցանկանում է ամուսնալուծվել, սակայն ամուսնալուծությունը պաշտոնապես դեռ ձեւակերպված չէ:

Բացի դրանից, Պեսկովը պնդում է, որ ամուսնալուծությունը պայմանավորված չէ Պուտինի կյանքում այլ կնոջ ներկայությամբ: «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում նա նման պնդումները ասեկոսե է անվանել:  Պուտինի մամուլի քարտուղարը նաեւ խուսափել է այն հարցի պատասխանից, թե ինչպես են ընդունել ծնողների ամուսնալուծության լուրը Պուտինի դուստրերը՝ կոչ անելով հարգանքով վերաբերվել նախագահի անձնական կյանքին: 

Վլադիմիր Պուտինը եւ Լյուդմիլա Պուտինան ամուսնալուծության մասին հայտնել էին նախօրեի երեկոյան: Նախկին ամուսիններն իրենց որոշման մասին պատմել էին Կրեմլի Մեծ պալատում «Էսմերալդա» ներկայացումից հետո: Դա վերջին տարվա ընթացքում նախագահական զույգի առաջին հրապարակային ներկայությունն էր հանրության առաջ:  «Դա մեր ընդհանուր որոշումն է, մեր ամուսնությունն ավարտվել է», - ասել էր Ռուսաստանի նախագահը՝ նշելով, որ դա «քաղաքակիրթ ամուսնալուծություն է»:

Պուտինն ամուսնացել էր 1983թ. հուլիսի 28-ին: Լյուդմիլա Պուտինան մասնագիտությամբ բանասեր է: Նրանք ունեն երկու դուստր՝ 28-ամյա Մարիան եւ 27-ամյա Եկատերինան, հաղորդում է  «rbc»-ն: