Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ հունիսի 7-ին, այցելել է զինված ուժերի երրորդ կորպուսի ստորաբաժանումներից մեկը:
Այցելությունը պլանային բնույթ էր կրում: Այցելության ընթացքում նախարարը մամուլի ասուլիս է տվել հենց հայ-ադրբեջանական սահմանին:
Այցելության ընթացքում նախարարը ուսումնասիրել է ստորաբաժանումը եւ նշել, որ անկախ վերջերս տեղի ունեցած ողբերկական միջադեպի` այն մնում է լավագույն ստորաբաժանումներից մեկը: Հատուկ լրատվամիջոցների համար զինվորները ցուցադրել են ձեռնամարտի իրենց ունակությունները, ինչպես նաեւ հակառակորդի կայանի գրավման իմիտացիա: Վերջում չորրորդ իշխանության ներկայացուցիչներին ստորաբաժանման տարածքում աճող վարդերից փնջեր են նվիրել:
Նախարարը այցելել է նաեւ պոլիգոն, որտեղ ծառայողները կրակային պատրաստություն են իրականացնում: Հատուկ հետաքրքրություն ցուցաբերած լրագրողներին թույլատրել են մի քանի անգամ կրակել: Սեյրան Օհանյանն այցելել է նաեւ մարտական դիրքեր:




























