Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ հունիսի 7-ին, ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին՝ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների սպանության կապակցությամբ՝ խստագույնս դատապարտելով այդ զարհուրելի ահաբեկչությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աֆղանստանում ISAF-ի զորքերից վրացի յոթ զինծառայողներ են զոհվել ահաբեկիչների հարձակման ընթացքում: Վրաստանում հունիսի 7-ը նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի որոշմամբ Սգո օր է հայտարարվել:

Երկրի ամբողջ տարածքում հունիսի 7-ին խոնարհվելու են պետական դրոշները:

Վրաստանի զինված ուժերի միասնական շտաբի ղեկավար Իրակլի Ձնելաձեն հայտնել է, որ Հիլմենդ նահանգում մահապարտ-ահաբեկիչը բեռնատարի պայթյուն է իրագործել վրացական ռազմակայանում, որի հետեւանքով զինծառայողներ են զոհվել:  Սկզբում տվյալներ էին ստացվել վեց զոհերի մասին, ավելի ուշ հայտնի էր դարձել եւս մեկ զինծառայողի մահվան մասին: Ինը մարդ վիրավոր է:

Ողբերգության կապակցությամբ արդեն  ցավակցություն են հայտնել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի համանախագահ Ջեյմս Ապաթուրայը:

Վրացի խաղաղապահներն Աֆղանստանում ISAF-ի ուժերի կազմում առաքելություն են իրականացնում 2009թ. օգոստոսից: Աֆղանստանում ծառայում է 1545  վրացի զինծառայող: Ծառայության  սկզբից մինչ օրս զոհվել է  վրացի 29 զինվորական: