Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի ՕՀ վարչությունից ստացված հաղորդման հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր «Լան» եւ «Մադէլինա-Լենա» ՍՊ ընկերությունների վերաբերյալ:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Լան» ՍՊ ընկերությունը դատարանի 2010թ. փետրվարի 22-ի վճռով ճանաչվել է սնանկ եւ ներկայումս գտնվում է լուծարային գործընթացում:

2013թ. փետրվարի 13-ի դատարանի որոշմամբ կասեցվել է պարտապան «Լան» ՍՊ ընկերության գործունեությունը, գույքը կառավարելու եւ տնօրինելու պարտապանի բոլոր իրավունքները:

2010թ. փետրվարի 22-ին սնանկ ճանաչված «Լան» ՍՊ ընկերությունն` ի դեմս սնանկության գործերով կառավարիչ Խաչիկ Նազարյանի, առողջացման ծրագրի շրջանակներում 2013թ. մարտի 20-ին «Մադէլինա-Լենա» ՍՊ ընկերության հետ կնքել է գործակալության եւ համագործակցության պայմանագիր, որն ուժի մեջ պետք է մտնի կողմերի ստորագրման եւ դատարանի կողմից պրինցիպալի գործունեության առողջացման ծրագրի հաստատման պահից:

Սնանկ ճանաչված «Լան» ՍՊ ընկերության սնանկության գործերով կառավարիչ Խաչիկ Նազարյանն առողջացման ծրագրի շրջանակներում 2013թ. մայիսի 18-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից ստացել է առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության թիվ 000119 եւ 000120 լիցենզիաները եւ այն օգտագործման է հանձնել «Մադէլինա-Լենա» ՍՊ ընկերությանը, որն էլ իր հերթին թվով 118 տնտեսվարող սուբյեկտների հետ կնքել է առեւտրի իրականացման վայրում մատուցման մասին պայմանագրեր եւ վարձակալության հանձնել «Լան» ՍՊ ընկերությանը պատկանող տաղավարները:

2013թ. մայիսի 20-ին «Լան» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանը միջնորդություն է ներկայացրել դատարան` ընկերության գործունեությունը մեկ տարի ժամանակով վերսկսելու մասին:

Առանց դատարանի համապատասխան որոշման կառավարիչ Խ. Նազարյանի կողմից կատարվել է գործունեության վերսկսման գործնական նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացել է առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիաները եւ այն օգտագործման է հանձնել ՙՄադէլինա-Լենա՚ ՍՊ ընկերությանը, որն էլ իր հերթին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՙԼան՚ ՍՊ ընկերության գործունեությունը վերսկսելու թույլտվությունը ստանալու դեպքում` իրավասու կլիներ վերսկսման ծրագրի շրջանակներում իրականացնել համապատասխան առեւտրային գործունեություն:

2013թ. մայիսի 20-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է կառավարիչ Խ. Նազարյանի միջնորդությունը` ՙԼան՚ ՍՊ ընկերության գործունեությունը մեկ տարի ժամանակով վերսկսելու մասին:

Ներկայումս «Լան» ՍՊ ընկերության գործունեությունը կասեցված է, հետեւաբար 2013թ. մարտի 20-ին կնքված պայմանագիրը չի հանգեցնում որեւէ իրավաբանական հետեւանքների:

ՙԼան՚ ՍՊ ընկերությանը պատկանող անշարժ գույքի կառավարելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունքը` ՙԼան՚, ՙՄադէլինա-Լենա՚ ՍՊ ընկերությունների, ինչպես նաեւ այլ անձանց կողմից իրականացնելը չեն բխում ՀՀ-ում գործող օրենքների պահանջներից:

Այսինքն, «Մադէլինա-Լենա» ՍՊ ընկերությունը չունենալով առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա 2013թ. մայիսի 19-ից զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչը իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի հատկանիշներ:

«Մադէլինա-Լենա» ՍՊ ընկերության կողմից առանց համապատասխան լիցենզիայի առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար 2013թ. հունիսի 3-ին հանձնարարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀ վարչության աշխատակիցներին կատարելու պետությանը պատճառված վնասի հաշվարկ:

2013թ. հունիսի 4-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀ վարչությունից ստացվել է «Մադէլինա-Լենա» ՍՊԸ-ի կողմից առանց համապատասխան լիցենզիայի առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության վերաբերյալ նախնական հաշվարկը, համաձայն որի ընկերությունից ենթակա է պետական բյուջե գանձման առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիայի համար գանձվող պետական տուրքի` 1.000.000 դրամի, տասնապատիկի չափով: Երկու հասցեի համար այն կկազմի` 20.000.000 դրամ, ինչպես նաեւ խախտումներ կատարած անձից գանձվում է նաեւ լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում, այն է` 2.000.000 դրամ, որն էլ համարվում է պետությանը հասցված վնաս:

«Մադէլինա-Լենա» ՍՊԸ-ի կողմից առանց համապատասխան լիցենզիայի առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն իրականացնելու եւ դրա արդյունքում պետությանը խոշոր չափի` 2.000.000 դրամի վնաս պատճառելու դեպքի առթիվ 2013թ. հունիսի 4-ին հարուցվել է հ.83106813 քրեական գործը եւ կատարվում է նախաքննություն: