Հայկական համայնքն առայժմ Սիրիայում կատարվող դեպքերի հանդեպ չեզոքություն է պահպանում, եւ դա միանգամայն դրական հանգամանք է: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ի մամուլի ասուլիսում հայտարարել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
«Իհարկե, մեզ համար շատ ավելի լավ կլիներ, եթե Մերձավոր Արեւելքում լարվածություն չլիներ, առավել եւս, որ Սիրիայի իրադարձությունների ալիքն ուղղված է Իրանի դեմ, ինչը բնավ ձեռնտու չէ Հայաստանին: Վտանգված է Սիրիայի Հալեպ քաղաքի ավանդական հայ համայնքը»,- նշել է արաբագետը:
Սարգիս Գրիգորյանի համոզմամբ՝ վերջին ժամանակներս նկատվող ռազմական գործողությունների ինտենսիվությունը նախերգանքն է. Սիրիայի շահագրգիռ բոլոր կողմերը պատրաստվում են Ժնեւ-2 կոնֆերանսին:
«Սպասվող կոնֆերանսի արդյունքները մեծ մասամբ կախված են նրանից, թե որքանով կողմերը պատրաստ կլինեն դրան, ինչ կերպով ներկայացված կլինեն, քանի որ գոյություն ունեն որոշակի խոչընդոտներ, եւ այդ հարցում միասնական կարծիք չկա ձեւավորված»,- ամփոփել է արաբագետը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























