Ռուստամ Իբրահիմբեկովը Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի նախագահ է ընտրվել: Խորհրդի հիմնադիր ժողովը կայացել է հունիսի 7-ին: Իբրահիմբեկովի թեկնածությունն առաջադրել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Ջամիլ Հասանլին:
Հանդիպման օրակարգում քննարկվել են Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի, դրա կանոնադրության եւ ընդունման հայտարարությունը, Ազգային խորհրդի նախագահի ընտրության հարցը, քննարկվել է նաեւ միջազգային հանրությանն ուղղված հայտարարության տեքստը:
Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի հիմնադիր ժողովն ավարտվել է հռչակագրի եւ կազմակերպության կանոնադրության ընդունմամբ:
Սակայն գլխավոր ինտրիգը՝ նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի առաջադրման հարցը, contact.az-ի փոխանցմամբ, մնացել է անորոշ:
Բոլոր ելույթ ունեցողները կողմ են եղել դրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովին միասնական թեկնածու առաջադրելուն: Սակայն նրանք կարծում են, որ միասնական թեկնածու առաջադրելու հարցը պետք է ԱԽ-ի անդամ կուսակցություններից յուրաքանչյուրում առանձին քննարկվի, հետո դրվի միասնական քվեարկության:
Կարելի է ենթադրել, որ այդ հարցը կորոշվի մի քանի շաբաթից եւ առանց անակնկալների, այսինքն՝ միասնական թեկնածուն կլինի Իբրահիմբեկովը:




























