Այսօր` հունիսի 8-ին Երեւանի քաղաքապետարանում կայացել է Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը: Ավագանու ՀՀկ-ական անդամ Աստղիկ Գեւորգյանը հայտնել է, որ նիստին մասնակցում են ավագանու 65 անդամներից 64-ը, բացակայում էր միայն «Բարեւ, Երեւան» դաշինքից ընտրված Ստյոպա Սաֆարյանը:

Աստղիկ Գեւորգյանը հայտնել է, թե ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում ստացել է 50 տոկոսից ավելի ձայն եւ, ըստ գործող օրենսդրության, ՀՀկ ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնող անձը` Տարոն Մարգարյանը դառնում է քաղաքապետ: Մարգարյանի ընտրությունը հոտնկյաս ծափահարել են ավագանու ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական անդամները, իսկ «Բարեւ, Երեւան» դաշինքի ներկայացուցիչները չեն կանգնել եւ չեն ծափահարել, ավելին, ըստ Անահիտ Բախշյանի, կեղծիքներով ընտրվածներն իրավունք չունեն քաղաքապետ դառնալու:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնել է, թե ՀՀԿ խմբակցությունը ղեկավարելու է Սերգեյ Մկրտչյանը, «Բարգավաճ Հայաստան»-ի խմբակցությունը` Թամարա Պողոսյանը, «Բարեւ, Երեւան» դաշինքի խմբակցությունը Անահիտ Բախշյանը:

Ավագանին իր առաջին նիստում նաեւ հանձնաժողովների նախագահներ է ընտրել` երեքը հանրապետական, մեկը` «Բարգավաճ Հայաստան»-ից:

Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ-ական Նաիրիա Նահապետյանը, քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` ՀՀԿ-ական Հովհաննես Թոքմաջյանը, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` ՀՀԿ-ական Երվանդ Ղազարյանը: Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը գլխավորելու է ԲՀԿ-ական, մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը:

Երեւանի ավագանու հաջորդ նիստը կայանալու է 2013թ. սեպտեմբերի 10-ին, իսկ հունիսի 11-ին Երեւանի քաղաքապետարանում կայանալու է նորընտիր քաղաքապետ տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը:

Նշենք, որ Երեւանի ավագանու կազմում 42 մանդատ ունի ՀՀԿ-ն, 17 մանդատ` ԲՀԿ-ն, եւ 6 մանդատ` «Բարեւ, Երեւան» դաշինքը: