Ռուսաստանում ձերբակալվել է մայիսի 18-ին Իրկուտսկի մոտի խիստ ռեժիմի գաղութից փախած հատկապես վտանգավոր հանցագործներից մեկը` Յուրի Պրոխորովը, որը կալանավորվել էր արտագնա աշխատանքի մեկնածների խմբակային սպանության մեղադրանքով: Կալանավորին բռնել են Իրկուտսկի մարզի Օսինսկի շրջանում` տեղի բնակիչների շնորհիվ: Մնացած բանտարկյալների որոնումները շարունակվում են, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Իրկուտսկի մարզի Մակով ավանի N19 գաղութից բանտարկյալների փախուստի մասին հայտնի էր դարձել մայիսի 18-ին: Հանցագործները փախել էին արդյունաբերական գոտուց, որտեղ հյուսն էին աշխատում:
Փախած չորս հանցագործներից երեքը դատապարտվել էին 2006թ. ամռանը` Մոսկովշչինա գյուղում արտագնա աշխատանքի եկածների խմբակային սպանության համար: 2005թ. հունիսին տեղի վեց բնակիչներ ներխուժել էին շինարար ուզբեկների բարաք, որոնց բահերով բազմաթիվ վերքեր էին հասցրել: Ուզբեկներից երկուսը տեղում մահացել էին, մի քանիսն էլ անդամալույծ էին դարձել:
Այդ գործի շրջանակում գաղութից փախած Վլադիմիր Ավդեեւը, Յուրի Պրոխորովը եւ Ալեքսանդր Ռիբակովն ստացել էին 25, 20 եւ 16 տարվա ազատազրկում: Չորրորդ փախստական Կոնստանտին Պավլովեցը դատապարտվել էր ութ տարվա ազատազրկման` կողոպուտի համար:
























