Սիրիայի կառավարական զորքերն Իրանի կողմից հովանավորվող լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ջոկատների օգնությամբ սկսել են կայծակնային «Հյուսիսային փոթորիկ» գործողությունը՝ Հալեպ քաղաքի եւ համանուն նահանգի մի մասը սիրիացի զինյալներից ազատագրելու նպատակով, հայտնում է «Ռոսիա 24»-ի թղթակիցը Սիրիայից:

Սիրիական պաշտոնական լրատվամիջոցները հայտնում են, որ «Հալեպ քաղաքում եւ նահանգում բանակի ստորաբաժանումները մի շարք հատուկ գործողություններ են իրականացրել` գրոհելով Հրեյթան, Մինգ, Քուբթան Ալ Ջեբալ, Բաբիս, Ալ Ամերիա, Անադան շրջանների ահաբեկիչների  միավորումները: Ոչնչացվել եւ վիրավորվել են բազմաթիվ ահաբեկիչներ, վերացվել է նրանց զինամթերքը: Հալեպ քաղաքի հյուսիսային ծայրամասում` Թելյաթ Աշ Շվեհնա թաղամասում, զինծառայողները վերականգնել են անվտանգությունը եւ կայունությունը»:

Միաժամանակ, «Ֆրանս պրես»-ը տեղեկություն է տարածել, որ սիրիական ընդդիմության զինյալները Հալեպում ծնողների աչքի առաջ գնդակահարել են 15-ամյա մի տղայի` «սրբապղծության մեղադրանքով»,  քանի որ վերջինս ասել էր, որ հավատացյալ չէ: