NEWS.am-ի հարցազրույցը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի գործադիր տնօրեն Կոնստանտին Սարոյանի հետ:
Պրն. Սարոյան, Հայաստանը պատրաստվում է եվրաբոնդեր թողարկել; Ըստ ձեզ, դա որեւէ ազդեցություն կունենա՞ Հայաստանի կապիտալի շուկայի վրա:
Եվրաբոնդերի թեման բավական երկար ժամանակ է քննարկվում; Կան եւ դրևական, եւ բացասական կողմեր: Իմ կարծիքով, կապիտալի շուկայի տեսանկյունից, սա շատ լուրջ ծրագիր է, ու դա պետք է անել: Շատ կարեւոր է, որ եվրաբոնդերի այս նախագիծն իրականացնելու է կառավարությունը; Ինչո՞ւ. որովհետեւ այդ գործընթացը ենթադրում է բավականին լայնածավալ աշխատանք: Ծախսերը նախնական էտապում շատ են լինելու, մասնավորին կարող է հետաքրքիր չլինել: Այլ երկրների փորձը հետեւյալն է. եթե մեծ երկիր է, կան մեծ ընկերություններ, հենց դրանք են գնում եվրաբոնդերի թողարկմանը: Իսկ փոքր պետություններում միայն կառավարությունը կարող է սխեման կյանքի կոչել, որից հետո հնարավորություն կստեղծվի մասնավոր ընկերությունների համար:
Ի՞նչ կտան այդ պարտատոմսերը Հայաստանին:
Սա շատ լավ գործիք է, որովհետեւ որոշակի տնտեսական անկախություն է տալիս: Եվրաբոնդերի թողարկումը թույլ կտա Հայաստանին՝ հայտնվել ֆինանսական գլոբալ շուկայի քարտեզի վրա: Երբ նայում ենք Bloomberg, Ռոյթերս կամ նմանատիպ այլ համակարգեր, Հայաստանի վերաբերյալ միայն լոկալ արժեթղթերի մասին տեղեկատվություն կա; Բայց ներդրողները հաճախ նայում են ոչ թե այդ ցուցանիշներին, այլ եվրաբոնդերի ցուցանիշներին: Պրոֆեսիոնալ, ինստիտուցիոնալ ներդրողներն առաջին հերթին բացում են եվրաբոնդեր թողարկող երկրների էջերը: Մեզ օգնում է այն, որ ունենք «Ֆիտչի» ու «Մուդիսի» կողմից տրված վարկանիշեր: դա արդեն իսկ թողարկումների համար հիմք է: Իհարկե, դա երկարաժամկետ գործընթաց է, ու չի կարելի սպասել, որ հենց առաջին թողարկումից ունենալու ենք լավագույն պայմանները: Պետք է թողարկել եւ պատրաստ լինել, որ 3-5 տարի հետո կունենանք շուկայական նորմալ տոկոսադրույքներ:
Բայց «Ֆիտչում» եւ «Մուդիսում» Հայաստանն ընդգրկված է սպեկուլյատիվ խմբում: Դա արդեն իսկ չի՞ վատթարացնում պայմանները;
Մենք ունենք BB- վարկանիշ, ու դա նորմալ վարկաիշ է: Մեր նման վարկանիշ ունեցող երկրներից, օրինակ, Վրաստանը թողարկեց 10ամյա պարտատոմսեր՝ մոտ 7% տոկոսադրույքով: Բայց դա անցյալ տարվա թողարկում էր, հիմա պայմանները կարող են այլ լինել:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ»-ը ինստիտուցիոնալ առումով որեւէ մասնացություն ունենալո՞ւ է այդ գործընթացին:
Մեր մասնակցել-չմասնակցելը պայմանավորված է որոշակի պայմանների ու մեխանիզմների առկայությունից; Իսկ մեխանիզմն ասելու է այն խորհրդատուն, որին կառավարությունն ընտրել է: Հիմնական բեռն ընկնելու է տեղաբաշխողի վրա, որովհետեւ նա ու անդերռայթերները պետք է որոշեն, թե ո՞ր բորսայում ու ի՞նչ սխեմայով պետք է տեղի ունենա թողարկումն ու շրջանառումը: Միանշանակ է միայն այն, որ այդ պարտատոմսերի կապը Հայաստանի հետ պետք է ապահովվի մեր ընկերության միջոցով, ու մենք ադեն աշխատում ենք այդ ուղղությամբ:
Իսկ որքանո՞վ հաշվի է առնված Սփյուռքի գործոնը:
Եվրաբոնդեր հիմնականում ձեռք են բերում ինստիտուցիոնալ ներդրողները, ֆինանսական կառույցները: Իսկ իրենք նայում են 2 չափանիշ՝ վարկանիշ ու եկամտաբերություն:
Որքանո՞վ ճիշտ է իրավախորհրդատու ընտրել ամերիկյան ընկերությանը, բայց պարտատոմսերը թողարկել Եվրոպայում;
Նման ընկերությունները միջազգային են, կապ չունի, թե գլխամասը որտեղ է գտնվում: Ասեմ, որ խորհրդատուից շատ բան է կախված, որովհետեւ նա է մշակում սխեման, ու նա է գտնում այն անդերռայթերներին, որոնք առավել արդյունավետ տեղաբաշում կիրականացնեն:
Զրուցեց՝ Սամվել Ավագյանը



























