Հայաստանի մոտ 30 քննակենտրոններում այսօր` հունիսի 11-ին, «Մաթեմատիկա» առարկայից քննություն կհանձնի 6950 դիմորդ: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) Արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:

Հայտնի են նաեւ հունիսի 7-ին կայացած քննության նախնական արդյունքները: «Կենսաբանություն» առարկայից  միջին միավորը 14 է, 12 տոկոսը չի հաղթահարել նվազագույն 8 տոկոսի շեմը, իսկ 150 հոգի առավելագույն 20 միավոր է ստացել: «Ընդհանուր պատմությունից» միջին միավորը 11,5 է, 43 դիմորդ չի հաղթահարել նվազագույն միավորի շեմը, իսկ մեկ հոգի ստացել է առավելագույն 20 միավոր: Իսկ «Աշխարհագրությունից» միջին միավորը 14  է, 12 դիմորդ ստացել է առավելագույն 20 միավոր, իսկ դիմորդների 7 տոկոսը չի հաղթահարել շեմը: