«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանից  80 մլն ՀՀ դրամ գումար են պահանջել՝ ընտանիքը չվերացնելու սպառնալիքով: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 

Գործի նյութերի համաձայն՝ 34-ամյա  Կարեն Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահադիտական դրդումներից ելնելով, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, Երեւան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի 11 հասցեում գործող ինտերնետ ակումբում բացել է «ahmed [email protected]» էլեկտրոնային հասցեն, որից Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող ինտերնետ ակումբներից` Խուան Պաբլո Գեչիջյանին եւ նրա ընտանիքի անդամներին սպանելու սպառնալիքներով էլեկտրոնային հաղորդագրություններ է ուղարկել վերջինիս էլեկտրոնային հասցեին, որոնցում` իրականության հետ որեւէ կապ չունեցող, անիրագործելի եւ Խուան Պաբլո Գեչիջյանին խաբելու միտումով ուղարկված հանցավոր սպառնալիքներն ի կատար չածելու դիմաց պահանջել է վճարել 80 մլն ՀՀ դրամ գումարը:

Պաբլո Գեչիջյանի հաղորդման հիման վրա Հայաստանի ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվել է: Այսինքն` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի` 80 մլն ՀՀ դրամ գումար հափշտակելու փորձ կատարելու մեջ:

Քրեական գործ է հարուցվել 34-181  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի գործադրմամբ եւ առանձնապես խոշոր չափերով): Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել հունիսի 6-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: