ԱՄՆ-ում գաղտնալսման սկանդալային գործի մասին տեղեկություններ հաղորդող Էդվարդ Սնոուդենը փախել է Հոնկոնգի The Mira հյուրանոցից: Հյուրանոցում հաստատել են, որ ԱՄՆ-ի քաղաքացին իրենց մոտ է բնակվել, սակայն հունիսի 10-ին նա մեկնել է: 

Ենթադրվում է, որ Սնոուդենը դեռ չի լքել Հոնկոնգը: ԱՄՆ-ի քաղաքացիների համար վիզան ուժի մեջ է 90 օրվա ընթացքում:

Լրագրողները կարծում են, որ Սնոուդենը Հոնկոնգ էր ժամանել մայիսի 20-ին:

ԱՄՆ-ի եւ Հոնկոնգի միջեւ արտահանձնման վերաբերյալ պայմանագիր գործում է, սակայն Սնոուդենի դեպքում դրա կիրառումը կարող է արգելափակվել Չինաստանի իշխանությունների կողմից, նշում է rbc-ն։

BFM.RU-ն գրում է, որ Սպիտակ տան կայքում Սնոուդենին ներելու հայցադիմումն ավելի քան  37 հազար ստորագրություն է հավաքել: «Էդվարդ Սնոուդենն ազգային հերոս է, եւ նրան պետք է անհապաղ ներում շնորհվի», - ասվում է հայցադիմումում:

Քվեարկությունը սկսվել է հունիսի 9-ին: ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական պատասխանը ստանալու համար հայցադիմումը պետք է հավաքի 100 հազար ստորագրություն՝ 30 օրվա ընթացքում: 

Հիշեցնենք, The Guardian-ի եւ The Washington Post-ի հաղորդմամբ՝ ամերիկյան իշխանությունների՝ տվյալներ հավաքագրելու մասին հայտնել էր ԿՀՎ-ի տեխնիկական մասնագետ Էդվարդ Սնոուդենը: 29-ամյա Սնոուդենը հայտնել էր, որ ԱՄՆ-ի ԱԱԳ-ն տվյալներ է հավաքում բջջային կապի բաժանորդների մասին եւ հասանելիություն ունի խոշորագույն  IT-ընկերությունների ծառայություններին:

Ներկայումս Սնոուդենը քաղաքական ապաստան է փնտրում: