Ուկրաինացի եւ հայ ժողովուրդների հարաբերությունները բնորոշվում են ներդաշնակության, հանդուրժողականության եւ հոգեւոր բարեկամության բարձր մակարդակով: Դրա վառ օրինակը Ուկրաինայում հարյուր հազարավոր հայերի եւ Հայաստանում՝ հազարավոր ուկրաինացիների հարմարավետ բնակությունն է: Այդ մասին Analitika.at.ua-ի հետ զրույցում հայտնել է Քաղաքականության վերլուծության եւ մենեջմենթի ուկրաինական ինստիտուտի տնօրեն Ռուսլան Բորոտնիկը՝ ուկրաինացիներին եւ հայերին շնորհավորելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 95-ամյակի կապակցությամբ: «Թեեւ, բնականաբար, հարաբերությունները ժողովուրդների միջեւ ավելի հին են, եւ առնվազն հազար տարվա պատմություն ունեն»:
Հիշեցնելով, որ «Ուկրաինայի հայերի միություն» ՀԿ-ն առաջինն է, որ ընդգրկվել է Եվրամիության թափանցիկության ռեեստրում, Բորոտնիկը նկատել է, թե դա ոչ միայն կազմակերպության ղեկավարության մեծ ձեռքբերում է, այլեւ ուկրաինացիների եւ հայերի համագործակցության բարձր մակարդակի վկայությունը:
«1991թ. Անկախություն ձեռքբերելուց հետո Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ամուր իրավապայմանագրային հիմք է ստեղծվել: Միեւնույն ժամանակ պետք է արձանագրել միջպետական եւ տնտեսական հարաբերությունների չիրացված պոտենցիալը: Մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը նախորդ տարի կազմել է 230 մլն դոլար, եւ կարող է ավելացվել առնվազն չորս անգամ՝ գյուղատնտեսության, ուկրաինական մեքենաշինության, տրանսպորտային ցանցերի եւ տուրիզմի շնորհիվ»,- ասել է փորձագետը:



























