ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը հունիսի 12-ին իր 89-ամյա հոբելյանի առթիվ արտասովոր նվեր է ստացել. Հազարավոր մարդիկ նրա համար համացանցում գույնզգույն գուլպաներով լուսանկարներ են տեղադրել:

Վերջին տարիներին ԱՄՆ-ի 41-րդ նախագահին սկսել են դուր գալ գույնզգույն գուլպաները: Նա դրանցով նաեւ պաշտոնական միջոցառումներին է ներկայանում:

Անսովոր նվերի գաղափարը մտահղացել է Ջորջ Բուշ-ավագի անվան հիմնադրամի աշխատակիցը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նրա կոչին հետեւել են ամերիկացի հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսին: Համատեղ լուսանկարվել են նաեւ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսը եւ Ազգային անվտանգության հարցով նախկին խորհրդական Սթիվեն Հեդլին:

Մտահղացմանը մասնակցել է նաեւ հոբելյարը. Նրա ներկայացուցիչները հրապարակել են վերջինիս լուսանկարը, որտեղ Ջորջ Բուշ-ավագը նստած է գոլֆ-մոբիլում՝ սուպերմենի կարմիր-կապույտ-դեղին գուլպաներով: