«Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանից պատասխան դեռ չենք ստացել, քանի որ այն պետք է ստանանք երեք աշխատանքային օրերի ընթացքում, իսկ դա լրանում է վաղը: Բացի այդ, հնարավոր է, որ պատասխանը փոստով ուղարկվի եւ այդ դեպքում եւս մի քանի օր կտեւի»,- այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց «ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի» ղեկավարը Արման Դանիելյանը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է նրան, որ այդ դիտորդական խումբը անցած շաբաթ այցելել էր «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին, որից հետո նամակ էր հղել Արդարադատության նախարար Գ. Դանիելյանին, որտեղ ներկայացվում է Արման Բաբաջանյանի առողջական վիճակը եւ առաջարկվում վաղաժամկետ ազատ արձակել նրան:

«Խնդիրը այն է, որ մենք պատասխանի ակնկալիքով չենք դիմել նախարարին, այլ որպեսզի Ա. Բաբաջանյանի վաղաժամկետ ազատ արձակման հարցը լուծվի»,- նշեց Ա. Դանիելյանը, հավելելով, որ առավել հստակ պատասխան այս խնդրի վերաբերյալ կարող են տալ «Դատապարտյալների հիվանդանոցի» աշխատակազմից:

Հարցին, թե ակնկալիք ունե՞ք, որ նաեւ Ձեր նամակի արդյունքում անազատության մեջ հայտնված լրագրողն ազատ կարձակվի, խմբի ղեկավարը պատասխանեց. «Կարծում եմ, որ պիտի որ դրական արդյունքի բերի մեր նամակը»:

Նշենք, որ հուլիսի 24-ին Արմանին հետազոտող նեյրոակնաբույժը եզրակացություն է տվել, որ Արման Բաբաջանյանի երկու աչքերի տեսադաշտը օր օրի փոքրանում է, որի պատճառն այն է, որ գլխում հայտնաբերված ուռուցքը չի հեռացվում: Ներկայումս աչքերից մեկի տեսողությունը պակասել է 35, մյուսը` 40 տոկոսով:

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը դատապարտվել է 3,5 տարի ժամանակով` փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, իսկ պատժի ժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին: Անցած 3 տարիների ընթացքում մերժվել են իրեն վաղաժամկետ ազատ արձակելու նրա բոլոր դիմումները, թեեւ ազատազրկման ընթացքում նա չի ստացել ոչ մի տույժ եւ թույլ չի տվել որեւէ խախտում: ԱԺ կողմից հունիսի 19-ին հայտարարված համաներումը նրա վրա չտարածվեց, որը Ա. Բաբաջանյանի ազատազրկման 3 տարիներին հայտարարված 2-րդ համաներումն էր։ Երկու դեպքում էլ նա համաներման հնարավորությունից չի օգտվել, թեեւ նրա հանցանքը համարվում է միջին ծանրության։