Երեւանի քաղաքապետարանի եւ Ժողովրդական դիվանագիտության առաքելության հետ անցկացվող «Բոլորը գնում են Երեւան» ծրագրի շրջանակում Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել «21-րդ դարի քաղաքները» կլոր սեղան-քննարկում:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման գլխավոր նպատակն էր հետխորհրդային երկրների մայրաքաղաքների եւ քաղաքների միջեւ զբոսաշրջային կապերի ամրապնդումն ու այդ ուղղությամբ զարգացման հեռանկաների բացահայտումը:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը ներկայացրել է Երեւանի զբոսաշրջության զարգացման ուղիներն ու ծրագրերը, ինչպես նաեւ ներկայում ակտիվորեն ընթացող մայրաքաղաքի բրենդավորման գործընթացը:
«21-րդ դարի քաղաքների զարգացումը մեծապես պայմանավորված է նաեւ զբոսաշրջության զարգացմամբ: Երեւանն այսօր ունի մեծ ներուժ միջոցառումային զբոսաշրջության օրացույցում իր ուրույն տեղը զբաղեցնելու եւ յուրահատուկ կենտրոն դառնալու համար: Պատահական չէ, որ ամեն տարի հոկտեմբերին նշվող «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների շրջանակում Երեւանը հազարավոր հյուրերի է ընդունում տարբեր երկրներից»,- նշել է Մարիա Բարաղամյանը:
Կլոր սեղանի շրջանակում քննարկվել են նաեւ քաղաքների բրենդավորման եւ սոցիալ-մշակութային մարքեթինգի հետ կապված հարցեր: Կարեւորվել է ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների կիրառումը՝ որպես 21-րդ դարի քաղաքների զարգացման նախապայման: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Էստոնիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի եւ մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում եւս շարունակելու համագործակցությունը եւ փորձի փոխանակումը:




























