Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ հունիսի 14-ին, ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան  Պրիիտ Տուրկին եւ քննարկել երկու երկրների միջեւ կրթության եւ գիտության ոլորտում համագործակցության հուշագրի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Նշվել է, որ հուշագիրը կստորագրվի Հայաստանի եւ Էստոնիայի նախարարների նախատեսվող հանդիպման ժամանակ:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկկողմ համագործակցության համատեքստում ՀՀ ԿԳ նախարարը կարեւորել  է հատկապես բարձրագույն կրթության ոլորտում  միջբուհական կապերի հաստատումն ու ամրապնդումը, ուսանողների եւ դասախոսների փոխանակման ծրագրերի իրագործումը:  Շեշտելով, որ   հայ եւ էստոնացի ժողովուրդների ավանդական բարեկամության լավագույն դրսեւորումն է համարվում Էստոնիայի Տարտու քաղաքի համալսարանում հայագիտական ամբիոնի առկայությունը, Ա.Աշոտյանը վստահություն է հատնել, որ  հայ-էստոնական կրթական հարաբերությունները կարող են զարգացման լավ հեռանկար ունենալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է  եղել նաեւ երկու երկրների համագործակցության հնարավորություններին միջին մասնագիտական կրթության ոլորտում, որտեղ հեռանկարային են համարվում գյուղատնտեսական մասնագիտությունները: