Հուլիսի 10-12 Ֆրանսիայում այցով գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կարեն Միրզոյանը պատասխանել է ղարաբաղյան հակամարտության նախապատմությանը, կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին, մարդասիրական խնդիրներին, Արցախում տնտեսական իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի:
Ներկայացնելով Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության առաջացման պատմությունը՝ Կարեն Միրզոյանը նշել է, որ 1988թ. ղարաբաղյան շարժումը ոչ միայն Հայաստանին միանալու, այլեւ մարդու իրավունքների, սոցիալական եւ տնտեսական իրավահավասարության համար մղվող պայքար էր: Սակայն, ինչպես նկատել է ԱԳ նախարարը, երիտասարդության, ուսանողների եւ աշխատավորների խաղաղ ցույցերին ի պատասխան Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ Ադրբեջանի մնացած հայաբնակ քաղաքներում հայերի ջարդեր սկսվեցին, որոնց հետեւեց անմիջապես Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ագրեսիան:
«Ադրբեջանն առաջին հերթին պետք է փոխի իր դիրքորոշումը. դա մի երկիր է, որն անընդհատ խորացնում է ամեն հայկականի նկատմամբ ուղղված այլատյացությունն ու ատելությունը»,- ասել է Կարեն Միրզոյանը:
Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ հակամարտությունը ուժային լուծում չունի, եւ պատերազմը ողբերգական հետեւանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար:
ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաեւ Արցախի տնտեսական իրավիճակին, գերակա ոլորտներում արձանագրված ձեռքբերումներին եւ զարգացման հեռանկարներին:
Անդրադառնալով մարդասիրական հարցերին՝ ԱԳ նախարարն ուշադրություն է հրավիրել Արցախում ապրող հայ փախստականների խնդրին, ովքեր, ի տարբերություն ադրբեջանցի փախստականների, զրկված են միջազգային աջակցությունից:
Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ վաղ թե ուշ գտնվելու է հիմնախնդրի լուծումը, որը կապահովի երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի անվտանգ զարգացումն ու բարգավաճումը:
Միեւնույն ժամանակ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի հետ հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն բանակցություններին ԼՂՀ լիարժեք մասնակցության դեպքում:




























